ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (ՎԻԴԵՈ)

02.02.2021 21:20
ԱԿԲԱ Բանկը կաջակցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը ներառյալ իր միջոցներից բանկի կողմից արդեն թողարկված և թողարկվող քարտերով իրականացվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախաձեռնության շրջանակում 2020թ.-ի վերջին բանկն արդեն 22 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին, հաղորդում է ԱԿԲԱ Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկը 2020 թվականին ևս 50 մլն դրամ է տրամադրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ որպես միանվագ աջակցություն: Նախորդ տարի բանկը միացավ նաև հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» նախագծին՝ կրկնապատկելով յուրաքանչյուր աշխատակցի ամեն ամիս հիմնադրամին փոխանցվող 1000-ական դրամները։ Նախաձեռնությանը միացան ֆինանսական խմբի մյուս 2 կառույցները՝ ԱԳԲԱ Լիզնիգն ու Ամունդի-ԱԿԲԱ-ն: Վերջիններս նախորդ տարի հիմնադրամին նաև աջակցել են համապատասխանաբար 10-ը և 20 միլիոն դրամով։

«Մեր ամբողջ աշխատակազմը և կոլեկտիվը չափազանց շատ է կարևորում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամի հետ համագործակցությունը սկսեցինք անցած տարվա դեպքերին զուգահեռ: Մեզ համար պարզ էր, որ պետք է անմիջապես աջակցենք, նեցուկ լինենք հիմնադրամին և օգնելու օրինակ ծառայենք: Եթե մենք ազգովի միավորվենք, հիմնադրամի առջև ծառացած խնդիրները միասին կկարողանանք լուծել»,- նշել  է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Երբ հաճախորդը վճարում կատարելով գիտի, որ օգնում է նաև հաշմանդամ զինծառայողին, զոհված զինծառայողի ընտանիքին, անհայտ կորած զինծառայողի ընտանիքին, ամուսնուն, ծնողին, նա շատ ավելի մասնակցային է զգում և իր ներգրավվածությունն է ունենում այդ աշխատանքում։ Ամբողջ աշխարհում բիզնես համայնքի ներկայացուցիչները ցանկանում են, որ իրենց նվիրաբերությունները կամ սոցիալական պատասխանատվությունն ուղղվի այնտեղ, որտեղ հաճախորդներն են ուզում տեսնել։ Քանի որ մեր քարտապանները շատ են ուզում օգնել, ԱԿԲԱ Բանկն էլ, լսելով իր հաճախորդների կոչը, փորձում է օգնության ձեռք բռնել։ Յուրաքանչյուր լուման, որ մենք կստանանք ԱԿԲԱ Բանկի հաճախորդների վճարման արդյունքում, կգնա այս կամ այն ընտանիքին»,-նշել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հնարավոր է դրամական աջակցություններ կատարել նաև ACBA Digital հավելվածի միջոցով՝ առանց որևէ միջնորդավճարի:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցումներ է տրամադրում պատերազմում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Փոխհատուցումները տրամադրվում են միանգամյա և երկարաժամկետ՝ 20 տարի շարունակ։

Բանկի Visa Բարերար տեսակի քարտով վճարային գործառնություններ կատարելու դեպքում գործառնությունների գումարից 0.3%-ի չափով գումար բանկը նվիրաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

«ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ–ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: 2006թ. սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խումբը դարձավ բանկի ամենախոշոր փայատերը` նշանակալի ֆինանսական ներդրում իրականացնելով բանկի կապիտալում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև