Հայաստանի 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

12.04.2021 21:39
Հայաստանի 2021թ․ թողարկված եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Հայաստանի ֆոնդային բորսայում թույլատրվել է ՀՀ եվրապարտատոմսերով (ծածկագիր՝ XS2010028939, բորսայական հապավում՝ EUBDB5) 586,6 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարվա փետրվարին։

Ինչպես հաղորդել են Ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունից, թողարկողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության։ Պարտատոմսերն ունեն 10 տարվա  մարման ժամկետ և 3.6% արժեկտրոնային եկամտաբերություն, որն ավելի ցածր է, քան նախորդ թողարկման պարտատոմսերի դեպքում:  

Եվրապարտատոմսերի վերջնահաշվարկը և ենթապահառությունը իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան: Վերջինիս գործընկեր «Clearstream Banking Luxemburg»-ի հետ համագործակցության շնորհիվ եվրապարտատոմսերը հասանելի են դարձել Հայաստանի Հանրապետության ներդրողների համար։  

ՀՀ Եվրապարտատոմսերը բորսայական առևտրին առաջին անգամ թույլատրվել են 2014 թվականին, երկրորդը՝ 2019 թվականին:

Եվրապարտատոմսեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպություններին։ AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև