ԱԶԲ–ն Հայաստանին կտրամադրի 1,3 մլն դոլարի աջակցություն թվային հարթակի ստեղծման համար, այն կօգնի կատարելագործել հողային ռեսուրսների կառավարումը

13.04.2021 14:51
ԱԶԲ–ն Հայաստանին կտրամադրի 1,3 մլն դոլարի աջակցություն թվային հարթակի ստեղծման համար, այն կօգնի կատարելագործել հողային ռեսուրսների կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է 1.3 միլիոն ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն (ՏԱ), որն ուղղված է սատարելու Հայաստանի Հանրապետությանը՝ հողի սեփականության և այլ աշխարհագրական ստանդարտացված տվյալների կառավարման և պահպանման թվային հարթակի մշակման գործում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՏԱ-ի շրջանակներում միջազգային փորձագետները կսատարեն ՀՀ կառավարությանը՝ աշխարհատարածական տվյալների հարթակի մշակման գործում, որը կծառայի ամբողջ երկրում հողօգտագործման և գույքի սեփականության, ինչպես նաև այլ կադաստրային տվյալների մասին տեղեկությունների պահպանմանը, ինտեգրմանը և կառավարմանը։ ։ Համաշխարհային լավագույն փորձի կիրառմամբ՝ ՏԱ-ն նաև կօգնի մշակել տարածական տվյալների հավաքման և համօգտագործման գործողությունները կանոնակարգելու չափորոշիչները՝ ապահովելով այս տեղեկությունների դյուրին հասանելիությունը կենտրոնական և տեղական կառավարման մարմինների համար։

«Հայաստանում հողային ռեգիստրի գրանցումները և այլ կադաստրային տվյալների մեծ մասը ներկայումս պահպանվում և կառավարվում է թղթային տարբերակով, ինչը սահմանափակում է կառավարության՝ անշարժ գույքի կառավարման և գնահատման, ինչպես նաև այս հողերի բնական, տնտեսական և իրավական կարգավիճակի գրանցման հնարավորությունները», – ասել է ԱԶԲ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

Նրա խոսքով, աշխարհագրական տվյալների միասնական հարթակը տարբեր գերատեսչություններին կտա տեղեկությունների համօգտագործման հնարավորություն՝ բարելավելով հողային ռեսուրսների կառավարումը և հանրային ծառայությունների մատուցումը։

Ներկայում թվային, ճշգրիտ կադաստրային քարտեզների բացակայությունը նաև հանգեցնում է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման բարդույթունների։ Ճանապարհաշինական ծրագրերում այնպիսի ծրագծերի ընտրությունը, որոնք նվազագույնի կհասցնեն հավանական ազդակիր անձանց վերաբնակեցման անհրաժեշտությունը, հաճախ բարդանում է ճշգրիտ կադաստրային տվյալների բացակայութմաբ։ Գործնականում հողի ձեռքբերումը հաճախ ձգձգվում է, արդյունքում կապալառուները շինարարական աշխատանքների վայրին լիարժեք հասանելիություն չեն ունենում։ Ստորգետնյա կոմունալ ենթակառուցվածքները, օրինակ՝ ջրամատակարարման կամ կոյուղաջրերի հեռացման խողովակները հաճախ հարկ է լինում տեղափոխել, եթե ծրագրային աշխատանքները մեկնարկած են լինում ոչ ճշգրիտ կամ հնացած քարտեզների հիման վրա։

«Հողերի մասին թափանցիկ և ճշգրիտ տեղեկատվության հեշտ և հեռավար հասանելիություն տրամադրող մեկ միասնական ինտեգրված հարթակի բացակայությունը բացասաբար է անդրադառնում անշարժ գույքի շուկայի զարգացման և հողօգտագործման քաղաքականության մշակուման և իրականացման արդյունավետության վրա», - ասել է Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

«Մենք գնահատում ենք ԱԶԲ-ի կողմից Հայաստանին շարունակաբար տրամադրվող աջակցությունը, ինչը համապատասխանում է կառավարության՝ ինտեգրված թվային կադաստր մշակելու հայեցակարգին։ Սա ավելի ներառական, բարգավաճող և դիմակայուն տնտեսություն կառուցելու մեր ընդհանուր տեսլականի մի մասն է», – նշել է նա։

Միասնական հարթակում կներառվեն տեղեկություններ հանրապետության ջրային ռեսուրսների և անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմական և մշակութային հուշարձանների մասին։ Այս տեղեկությունները կողմնորոշիչ դեր կունենան, ի թիվս այլոց, ծրագրերի մշակման, ներդրումների, գյուղատնտեսական գործունեության և տուրիզմի զարգացման համար։ Այստեղ կներառվեն հողօգտագործման մասին գենդերային տարաբաշխմամբ տվյալներ՝ այս կերպ կառավարությանը հնարավորություն ընձեռելով պլանավորել և վարել զարգացման այնպիսի հայեցակարգեր, որից հավասարապես կօգտվեն թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։

Հարթակը հնարավորություն կտա քարտեզագրել կլիմայի փոփոխությունների և բնական աղետների, ինչպես օրինակ երկրաշարժերի ենթակա և խոցելի տարածքները։ Սա կհզորացնի կառավարության՝ կլիմայի փոփոխությունները և հողի դեգրադացիան մշտադիտարկելու և դրանց արձագանքելու կարողությունը։

ՏԱ-ն կֆինանսավորվի մի քանի դրամաշնորհներով․ Կորեայի Հանրապետության էլեկտրոնային Ասիա և գիտելիքների գործընկերության հիմնադրամը կհատկացնի 500,000 ԱՄՆ դոլար,  Բարձր տեխնոլոգիական հիմնադրամը՝ 800,000 ԱՄՆ դոլար։ Երկու դրամաշնորհներն էլ կկառավարվեն ԱԶԲ-ի կողմից։ Ակնկալվում է, որ նախաձեռնությունը կավարտվի 2024թ․ սեպտեմբերին։

ԱԶԲ-ն նպատակն է ձևավորել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն զարգացող Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ միևնույն ժամանակ շարունակելով ծայրահեղ աղքատությունն ամատախիլ անելու ուղղությամբ իր ջանքերը։ 1966թ․ հիմնված ԱԶԲ-ն պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ն վերոնշյալ տարածաշրջանից են։

ԱԶԲ–ն համագործակցում է ՀՀ կառավարության հետ 2005թ.–ին, երկրում բանկի կողմից իրականացված ծրագրերի ընդհանուր փաթեթը 2019թ.–ի հոկտեմբերի դրությաբմ գերազանցում է 1,5 մլրդ դոլարը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև