IFC-ն Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն ունի

28.06.2021 19:27
IFC-ն Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./ԱՌԿԱ/. IFC-ն հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն է նշանակել Իվանա Ֆերնանդես Դուարտեն։ Նրա հիմնական աշխատավայրը լինելու է Թբիլիսիում, որտեղից նա վերահսկելու է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում իրականացվող գործառնությունները։

Այս պաշտոնում Իվանա Ֆերնանդես Դուարտեն հաջորդում է Յան վան Բիլսենին, ով IFC-ի հարավային Կովկասի հարցերով նախկին տնօրենն էր, և Յեսփեր Կյարին, IFC-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գործառնությունների ղեկավարին, ով անցած մի քանի ամիսներին եղել է տարածաշրջանային տնօրենի պաշտոնակատարը։

Ֆերնանդես Դուարտը, ով Սլովակիայի Հանրապետության քաղաքացի է, IFC-ում աշխատանքի է անցնում՝ ունենալով միջազգային ֆինանսների բնագավառում ավելի քան 20 տարվա փորձ։ Նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկում և Սիթի Գրուփում։ Այդ պաշտոններում նա զբաղվել է մասնավորապես մասնավոր ենթակառուցվածքների զարգացման ու ֆինանսավորման, ինչպես նաև երկրների առանձին ոլորտների հարցերով։ Նախքան զարգացման ծրագրերի ֆինանսավորման բնագավառում աշխատելը՝ նա գործունեություն է ծավալել ներդրումային բանկային ոլորտում՝ ծրագրերի ֆինանսավորման և նոր ձևավորվող շուկաների մասով։

IFC-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վիբկե Շլոմերը նշել է՝ «Հարավային Կովկասում IFC-ի տարածաշրջանային նորանշանակ տնօրենի դերն առանցքային է լինելու, քանի որ այս երկրները լուծում են Քովիդ 19-ի համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերներ։ Հաշվի առնելով Իվանայի ի հարուստ փորձը հատկապես այս տարածաշրջանում՝ մենք ակնկալում ենք մեր անցյալի նվաճումները զարգացնել այս երկրներից յուրաքանչյուրում՝ լիարժեք իրացնելով մասնավոր հատվածի հնարավորությունները»։

Ֆերնանդես Դուարտն իր կարիերան սկսել է Սլովակիայի վարչապետի գրասենյակում։ Նա բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորում է ստացել Իսպանիայի Բարսելոնայի IESE բիզնես դպրոցից և տնտեսագիտության մագիստրոսի կոչում՝ Սլովակիայի տնտեսագիտության համալսարանից։

IFC-ի Հարավային Կովկասի հարցերով նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Իվանա Ֆերնանդես Դուարտեն նշել է՝ «Թեև համավարակը դանդաղեցրել է աճի հեռանկարները, մասնավոր հատվածի դերակատարումը վերականգնման փուլում վճռորոշ է լինելու։ Ներկայիս իրավիճակում IFC-ի առաջնահերթությունը Հարավային Կովկասում լինելու է կանաչ և կայուն վերականգնմանն օժանդակելը՝ շեշտադրելով կլիմայի փոփոխության, թվայնացման և կապիտալի շուկաների զարգացման հարցերը։ Մենք նաև նախատեսում ենք վաղ փուլում ներգրավվել ծրագրերի մշակման շրջափուլում՝ աջակցելով շուկաների ստեղծմանն ու ներդրումային հնարավորություններին նպատակաուղղված բարեփոխումներին»։

IFC-ի մասին

Համաշխարհային բանկի խմբի անդամ հանդիսացող IFC-ն ամենամեծ գլոբալ զարգացման հաստատությունն է, որը զբաղվում է նոր զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Մենք աշխատում ենք ավելի քան 100 երկրներում՝ մեր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունը ի գործ դնելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։ 2020 ֆիսկալ տարում մենք 22 միլիարդ դոլար ենք ներդրել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական հաստատություններում՝ իրացնելով մասնավոր հատվածի ներուժը ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու և համատեղ բարգավաճում ապահովելու նպատակով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.ifc.org։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post