ԿԲ. մինչև տարեվերջ 12–ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակի վրա

04.08.2021 11:54
ԿԲ. մինչև տարեվերջ 12–ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակի վրա

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է համարում շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը` հաշվի առնելով արտաքին հատվածում և Հայաստանի տնտեսության մեջ ակնկալվող մակրոտնտեսական զարգացումները և որպես արդյունք`գնաճային ազդեցությունները, հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Միաժամանակ Խորհուրդը, հետևողական լինելով գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման հարցում` ներքին պահանջարկի ավելացման հետ մեկտեղ, դիտարկում է ապագայում դրամավարկային պայմանների հնարավոր խստացման անհրաժեշտություն», – ասաց նա նախօրեին ասուլիսի ժամանակ։

Գալստյանի խոսքով, նման պայմաններում ակնկալվում է, որ մինչև տարեվերջ 12–ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակի վրա, այնուհետև աստիճանաբար կնվազի և կանխատեսելի հորիզոնում կկայունանա 4%–ի սահմանում։

ՀՀ ԿԲ խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով` սահմանելով 7%։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը 2021թ.–ի հունիսին, 2020թ.–ի հունիսի համեմատ, կազմել է 6,5%։ Միաժամանակ հունիսին, մայիսի համեմատ, գրանցվել է 0,8%–անոց գնանկում։ 2021թ.–ի հունվար–հունիսին, 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 5,7%–ով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև