Յունիբանկը թողարկել է 12% եկամտաբերությամբ արտոնյալ բաժնետոմսեր

12.10.2021 12:38
Յունիբանկը թողարկել է 12% եկամտաբերությամբ արտոնյալ բաժնետոմսեր

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Յունիբանկ» ԲԲԸ-ն թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր, որոնք հնարավորություն են տալիս ստանալու ֆիքսված շահաբաժիններ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Բաժնետոմսերի եկամտաբերությունը կազմում է 12% տարեկան: Տեղաբաշխումը նախատեսվում է ավարտել մինչև 2021թ. հոկտեմբերի 20-ը:

Բաժնետոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Թողարկման ծավալը կազմում է մոտ 1,1 մլրդ ՀՀ դրամ: Շուկա ստեղծողն է «Արմբրոկ» ընկերությունը: Բաժնետոմսերի ցուցակումը տեղի կունենա Հայաստանի ֆոնդային բորսայում: Այս ընթացակարգը մեծացնում է բաժնետոմսերի գրավչությունը, քանի որ 2020թ. մարտի 1-ից  Հայաստանում արժեթղթերից ստացված եկամուտը չի հարկվում:  

«Արտոնյալ բաժնետոմսերը ֆինանսական գործիք է՝ բարձր և երաշխավորված եկամտաբերությամբ, հասցեագրված բոլորին, ովքեր փնտրում են հեռանկարային ներդրումային տարբերակներ: Ավանդների տոկոսադրույքների իջեցման ֆոնին՝ շահութաբեր ներդրումների և միջոցների  դիվերսիֆիկացման խնդիրը գնալով ավելի արդիական է դառնում: Եվ մենք մշակել ենք լուծում, որը, կարծում եմ, կհետաքրքրի ներդրողներին թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում»,- մեկնաբանում է Յունիբանկի Վարչության  նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Արտոնյալ բաժնետոմսեր ձեռքբերելու համար բավական է այցելել  Յունիբանկի 54 մասնաճյուղերից մեկը: Ձեռքբերման նվազագույն փաթեթը 1 մլն դրամ, մեկ բաժնետոմսի անվանական  արժեքը՝  230 դրամ:

Ռուսաստանում բաժնետոմսերը կարող են գնել որակավորված ներդրողները: Ռուսաստանում տեղաբաշխման գործակալ է «GX2 Invest» ընկերությունը:   

Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը կստանան ոչ միայն բարձր եկամուտ, այլև ունենալով հիմնական հարցերի շուրջ քվեարկելու իրավունք՝ հնարավորություն կստանան մասնակցելու Յունիբանկի հետագա ռազմավարության մշակմանը: Բացի այդ՝ բաժնետերերին երաշխավորվում է բանկում առաջնային սպասարկում, 25% զեղչ՝  սակագնային ծառայությունների համար, ավանդների էլ ավելի բարձր տոկոսադրույք, վարկավորման ավելի շահավետ պայմաններ:

Արտոնյալ բաժնետոմսերի թողարկումը ևս մեկ քայլ է դեպի Յունիբանկի գլոբալ նպատակը. դառնալ  ներդրողների հնարավորինս լայն շրջանակներին շահութաբեր ֆինանսական գործիքներ  առաջարկող՝ նոր ժամանակների բանկ: 2015 թվականին Յունիբանկն  առաջին անգամ Հայաստանում իրականացրեց IPO և ցուցակում բորսայում: Ավելի քան 200 մանրածախ ներդրողներ դարձան բանկի բաժնետերեր:

Ընդհանուր առմամբ Յունիբանկը պարտատոմսերի 16 թողարկում է իրականացրել: 2020 թվականին բորսայի դոլարային պարտատոմսերը երկրորդային ցուցակով ընդգրկվել են մոսկովյան բորսայում և հասանելի են դարձել Ռուսաստանի մասնավոր ներդրողների համար:

Այս տարի Յունիբանկը նշում է իր 20-ամյակը: Տարիների ընթացքում այն դարձել է Հայաստանում մանրածախ բիզնեսի, ՓՄՁ-ների սպասարկման և միջազգային վճարումների գծով առաջատար բանկերից մեկը: Յունիբանկը Հայաստանի տարբեր քաղաքներում ունի 54 մասնաճյուղ և ավելի քան 100 պրոմո կետ: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը, Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում բացվել է բանկի մասնաճյուղը:  

2020 թվականի վերջին POS-վարկերի քանակով  Յունիբանկը դարձել է  բանկային համակարգի առաջատարը:  2018 թվականին SME Banking Club-ը Յունիբանկին պարգևատրել է Most Innovative Bank հավաստագրով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև