ԿԲ–ն թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

13.10.2021 10:54
ԿԲ–ն թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 13-ից շրջանառության մեջ է դնում «Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.) հայ մեծանուն կոմպոզիտոր է, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926 թ.):

1892-1894 թթ. կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու մոտ` Մոսկվայում, 1896-1900 թթ.` Ն. Ռիմսկի-Կորսակովի մոտ` Պետերբուրգում: Ապրել է Ղրիմում, ծավալել է դիրիժորական և երաժշտահասարակական գործունեություն: Որպես կոմպոզիտոր ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների ազդեցությամբ։

1924 թ-ից Սպենդիարյանը ապրել է Երևանում: Այդ շրջանում ստեղծել է «Երևանյան էտյուդները» և ավարտին հասցրել հայկական երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ալմաստ» հերոսահայրենասիրական օպերան (ըստ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոն` Ս. Պարնոկի):

Սպենդիարյանը մեծ դեր է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի ձևավորման գործում՝ հարստացրել է հայկական երաժշտությունը նոր թեմաներով, ընդարձակել ժանրերը, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին։ Նրա «Ղրիմի էսքիզները», «Երեք արմավենի», «Երևանյան էտյուդները» և այլ սիմֆոնիկ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներ են:

Երևանում ստեղծվել է Սպենդիարյանի տուն-թանգարանը: Կոմպոզիտորի անունն են կրում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը (1933 թ.) և թիվ 1 երաժշտական դպրոցը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սպենդիարյանի հուշարձանը (քանդակագործներ` Ա. Սարգսյան, Ղ. Չուբարյան, ճարտարապետներ` Գ. Աղաբաբյան, Ֆ. Դարբինյան, 1953 թ.)` Օպերայի և բալետի թատրոնի շենքի (ճարտարապետ` Ա. Թամանյան, 1932 թ.) ֆոնին, և պարուհի:

Դարձերեսին Սպենդիարյանի դիմապատկերն է, «Երեք արմավենի» ստեղծագործության նոտաների էջեր, ջութակի, թանաքամանի և արմավենիների ոճավորված պատկերներ:

Հուշադրամի էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը/հարգը` արծաթ 9250, քաշը` 33,6 գ, տրամագիծը` 40,0 մմ, որակը` պրուֆ,  դրամաշուրթը` ատամնավոր, թողարկման քանակը` 500 հատ, թողարկման տարեթիվը`2021։

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև