15.11.2021 18:04
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ում նոր բանկի մուտքի կամ գործող բանկերի միաձուլման մասով քննարկումներ ժամանակ առ ժամանակ լինում են, ասել է ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
«Նոր բանկի մուտքի կամ գործող բանկերի միաձուլման մասով քննարկումներ ժամանակ առ ժամանակ լինում են: Ներկայումս նույնպես ունենք նման հայտեր, որոնք քննարկման փուլում են», – նշել է նա:
Երիցյանի խոսքով, նմանօրինակ գործընթացների վերաբերյալ որոշումների կայացման պարագայում ՀՀ կենտրոնական բանկը հրապարակում է անհրաժեշտ տեղեկատվություն»
Ավելի վաղ Հայաստանի բանկերի միության տնօրեն Սեյրան Սարգսյանը տեսականորեն չի բցառել երկրի բանկային հատվածում քանակական փոփոխությունների հավանականությունը, սակայն նշել է, որ դրա մեջ անհրաժեշտություն չի տեսնում։ Այս կապակցությամբ ԿԲ փոխնախագահը տեղեկացրել է, որ բանկային համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքությունը կազմում է 17.2% (նվազագույն սահմանաչափը՝ 12%), իսկ ընդհանուր իրացվելիությունը՝ 31.7% (նվազագույն սահմանաչափը՝ 15%): Հայաստանում հիմա գործում է 17 առևտրային բանկ։ ՀՀ բանկերի միության տվյալներով, այս տարվա 9 ամսում բանկային համակարգի շահույթը կազմել է 66,3մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` աճը կազմել է 13,1%), ակտիվները` 6,9 տրիլիոն դրամ (3,7%–ի աճ), պարտավորությունները` մոտ 6 տրիլիոն դրամ (3,7%–ի աճ), վարկային ներդրումները` 3,9 տրիլիոն դրամ (6,7%–ի անկում), ավանդները` 3,9 տրիլիոն դրամ (3,9%–ի աճ)։ Հայկական բանկերի կապիտալը 2021թ.–ի 9 ամսում կազմել է 927 տրիլիոն դրամ (4,2%–ի աճ)։ Բոլոր բանկերն ունեն 541 մասնաճյուղ, համակարգում աշխատող աշխատակիցների թիվը 12,7 հազար է, 3,3մլն հաճախորդ ունի ավելի քան 6,5մլն հաշիվ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: