ՀՀ ԱԽ քարտուղար. Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքը

16.11.2021 18:28
ՀՀ ԱԽ քարտուղար. Երևանը դիմել է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել Հայաստանի սուվերեն տարածքը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Երևանը դիմում է Մոսկվային` կոչ անելով պաշտպանել ՀՀ սուվերեն տարածքը` 1997թ.–ի երկկողմ պայմանագրի համաձայն։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաալիքի եթերում։

«Քանի որ հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, 1997թ.–ի պայմանագրի համաձայն` մենք դիմում ենք ՌԴ–ին` կոչ անելով պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հիմա պատրաստվում  է գրավոր դիմումը», – նշեց նա։

ՊՆ–ի հաղորդմամբ,  ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր այսօր հարձակում էին նախաձեռնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ Մարտերի ինտենսիվությունը չի թուլացել։ Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Տվյալները ճշտվում են։ ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել են։ 

Ավելի վաղ ՊՆ–ն հաղորդել էր, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև