300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ. նախագիծն ընդունվեց

18.01.2022 13:12
300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ. նախագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը», որի օգտին քվեարկեց 66 պատգամավոր, 28–ը դեմ էր, 5–ը` ձեռնպահ։

ԿԲ փոխնախագահ Վախթանգ Աբրահամյանը նշեց, որ այս նախագծով նախատեսվում է կարգավորել իրավահարաբերություններն անկանխիկ վճարումների մասով։ Այս օրենքով կարգավորվող հիմնական ոլորտներն են ապրանքների դիմաց վճարումը, ունեցվածքի օտարումը, ապրանքների օգտագործումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների տրամադրումը, աշխատավարձը և այլն։

«Հիմնական կարգավորումը վերաբերում է հետևյալին. ֆիզիկական անձանց կողմից իրականացվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամ։ Այս գումարը գերազանցող ցանկացած գործառնություն պետք է իրականացվի անկանխիկ։ Բացի այդ, սահմանվել են մի շարք ոլորտներ, որտեղ այդ շեմը զրոյական է, օրինակ` պետբյուջե, առողջապահության, կրթության ոլորտներ կատարվող վճարներն ու մուտքերը, իրավաբանական ծառայությունները», – ասաց նա։

Աբրահամյանը նշեց, որ 300 հազար դրամի շեմն ընտրվել է նաև ուսումնասիրությունների և գործառնությունների փաստացի ծավալների արդյունքում։ Նա նշեց, որ անցումն անկանխիկ վճարումների թվային տնտեսության ձևավորման մի մասն է։

«Սահմանվել է փուլային ռեժիմ. կարգավորումը պետք է ուժի մեջ մտնի Երևանում 2022թ.–ին, մարզկենտրոններում` 2023թ.–ին, Հայաստանի ամբողջ տարածքում` 2024թ.–ին», – ասաց նա։ ԿԲ փոխնախագահի խոսքով, Հայաստանում վերջին տարիներին գրանցվում է անկանխիկ գործառնությունների և էլեկտրոնային առևտրի աճ, ինչը կապված է ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման հետ։ (1 դոլարը` 481,49 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև