14.06.2022 13:16
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված տուգանքի չափը նվազեցնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:
Պատգամավորները փոփոխություններ են կատարել օրենսգրքի այն հոդվածում, որը նախատեսում է պատասխանատվություն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ: Հոդվածի առաջին մասում նախատեսված է, որ, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր 10 օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100 հազար դրամը:
«Այսինքն` ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր 10 օրը մեկ այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով և ուղարկի հասցեատիրոջը՝ տարվա մեջ ոչ ավել, քան 20 անգամ: Հոդվածի 2-րդ մասով 100 հազար դրամ տուգանք է սահմանվում այն վարորդի նկատմամբ, որը վարում է տրանսպորտային միջոցն առանց ԱՊՊԱ պայմանագրի: Վերլուծելով կառավարության քաղաքականությունն այս ոլորտում՝ մենք գտնում ենք, որ նշանակված 100 հազար դրամ տուգանքները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին: 100 հազար դրամ տուգանքն այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է»,-ասաց Խաչատրյանը:
Նա նկատեց, որ, օրինակ, առանց տեխզննության տրանսպորտային միջոցը վարելը, որը նույնպես վտանգավոր իրավախախտում է, հնարավոր է, որ մեքենան անսարքություններ ունենա, տուգանվում է 20 հազար դրամի չափով, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի վարելու, որի դեպքում երթևեկությանը վտանգը չի սպառնում, տուգանքը 5 անգամ ավել է:
«Նախագծով սահմանվում է, որ ԱՊՊԱ չարած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ տարեկան վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը չպետք է գերազանցի 50 հազար դրամը՝ այսօրվա 100 հազար դրամի փոխարեն: Եվ ամենակարևոր փոփոխությունը՝ 100 հազար դրամ տուգանք նշանակելու դեպքում անձն ազատվում է այդ տուգանքի 75 տոկոսի վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա մեջ վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն, եթե անձը արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100 հազար դրամ տուգանքի ընդամենը 25 տոկոսը»,-ասաց Խաչատրյանը:
Ըստ պատգամավորի՝ սրանով հնարավորություն են տալիս այն գումարը, որը կնախատեսեն տուգանքի համար, ուղղել ԱՊՊԱ պայմանագիր կքնելուն: Այս նախագծով 4 անգամ նվազեցնում են տուգանքի չափը:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: