ԿԲ–ն չի տեսնում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

06.10.2022 12:01
ԿԲ–ն չի տեսնում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։

Այս մասին ԿԲ–ից հայտնեցին` ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցմանը, որը վերաբերում է Հայաստանի տնտեսության աճի կանխատեսման չնախատեսված վերանայման հավանականությանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարության կապակցությամբ, ով, մասնավորապես հայտարարել է, որ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում որոշակի հատվածներ մոտ են պարալիզացված լինելուն, և եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան, ապա խնդիրը բավական բարդանում է:

ԿԲ–ից մասնավորապես նշեցին, որ Կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ որոշումները կայացնելիս դիտարկում է գնաճի և տնտեսության տարբեր սցենարներ, որոնք, բնականաբար, պարբերաբար ենթարկվում են մշտադիտարկման և վերագնահատման՝ հաշվի առնելով այդ պահին տնտեսության մասով առկա փաստացի զարգացումներն ու միտումները:

«Նման վերագնահատումների չափից և նշանակալիությունից կախված ԿԲ-ը կարող է նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ արտահերթ որոշումներ կայացնել, ինչի անհրաժեշտությունը ներկայումս չկա», – նշել են ԿԲ–ից։

 Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%): Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքում, նախնական տվյալներով, գրանցել է 13%–անոց աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՀ ԿԲ–ն այս տարվա սեպտեմբերին լավացրել է երկրի տնտեսության աճի 2022թ.–ի կանխատեսումը` նախկին 4,9%–ից մինչև 12,9%, իսկ գնաճն ակնկալվում է մոտ 10%–ի սահմանում։ ԿԲ–ն սեպտեմբերին 0,5 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` մինչև 10%։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post