02.11.2022 14:24
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նախօրեին ասուլիսի ժամանակ բացատրեց, թե ինչու կարգավորիչի` տնտեսության աճի 2023թ.–ի կանխատեսումը զգալիորեն ցածր է ընթացիկ տարվա կանխատեսումից։
ԿԲ–ի վերջին սեպտեմբերյան կանխատեսման համաձայն, Հայաստանի տնտեսության աճը 2022թ.–ին կկազմի 12,9%։ Մեկ օր առաջ Գալստյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ կարգավորիչն ակնկալում է, որ երկրում տնտեսական աճը 2023թ.–ի արդյունքում կկազմի մոտ 4,5%։
Գալստյանը պարզաբանեց, որ կարգավորիչն իր կանխատեսման կապակցությամբ բազմիցս հայտարարել է, որ գերակշռող գործոն է պահանջարկը, ինչպես նաև նշել է, որ այս տարի Հայաստանի տնտեսությունն աճել է ավելի շատ, քան աճի առկա ներուժը։
«Մեր կանխատեսմամբ, անհնար է մշտապես աճել տեմպերով, որոնք զգալիորեն գերակշռում են ներուժը, քանի որ մի քանի տարի աճից հետո տեղի է ունենում վերադարձ այն ներուժին, որն իր էությամբ ոչ գնաճային է», – ասաց նա։
ԿԲ նախագահը նաև ավելացրեց, որ հիմա իրականացվող քաղաքականություններն ուղղված են բարձր գնաճից խուսափելու նպատակով ավելցուկային պահանջարկի զսպմանը, որը ձևավորվել է միջազգային այցելուների հաշվին։ Հայաստանի տնտեսական աճը 2022թ.–ի պետբյուջեում նախատեսված է 7%–ի չափով, գնաճն ամրագրված է 4%–ի մակարդակում (±1,5%)։ Հայաստանի ՀՆԱ–ն 2022թ.–ի երկրորդ եռամսյակի արդյունքում, նախնական տվյալներով, գրանցել է 13%–ի աճ` 2021թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: