ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը վերանվանվել է ՌԵԳՈ

15.12.2022 19:26
ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը վերանվանվել է ՌԵԳՈ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Սեփականատիրոջ փոփոխությամբ պայմանավորված՝ ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը վերանվանվել է «ՌԵԳՈ» Ապահովագրական ՓԲԸ։ Ռեբրենդինգի իրականացման որոշումը կայացվել է հիմնադիրներից մեկի՝ «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ի կողմից ընկերության բաժնետոմսերի 100% փաթեթի գնման գործարքի ավարտին: ՀՀ կենտրոնական բանկն ընկերությունը նոր անվամբ գրանցել է 2022թ. հոկտեմբերի 18-ին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

ՌԵԳՈ ապահովագրականի տնօրեն է նշանակվել Արթուր Մկրտչյանը, ով նախկինում զբաղեցնում էր ընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։

Անվանափոխությունից հետո ՌԵԳՈ-ն շարունակում է կրել գործող ապահովագրական պայմանագրերով նախատեսված բոլոր պարտավորությունները: Հաճախորդները ապահովագրական պայմանագրերի փոփոխման կարիք չունեն. նախկինում կնքված բոլոր պայմանագրերը շարունակում են գործել առանց վերաձևակերպման:

Ընկերությունը փոխել է ապրանքանիշը, թարմացրել կարգախոսն ու դիրքորոշումը։ Նոր ֆիրմային ոճը մշակվել է բրենդի գաղափարախոսությանը համահունչ: Ճանաչելի կանաչ գույնին, որը նախկինում օգտագործվել է ապրանքանիշում և խորհրդանշել հուսալիությունն ու հանգստությունը, լրացնում է կենսուրախ նարնջագույնը:

Ընկերության նոր կարգախոսի՝ Ապագան ապահով է (The Future is Safe) հիմքում ընկած է կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և հաճախորդների հանդեպ հոգատարության գաղափարը։ ՌԵԳՈ-ն առաջարկում է արդեն այսօր մտածել ապագայի մասին և, ձեռքբերելով ապահովագրության պոլիս, չնախատեսված հանգամանքներում ապահովագրվել ֆինանսական կորուստներից՝ կապված գույքի և առողջության հետ։

Մոտ ապագայում ընկերությունը կթարմացնի կորպորատիվ բոլոր հարթակները՝ համապատասխանեցնելով նոր ֆիրմային ոճին, և կվերագործարկի պաշտոնական կայքը՝ www.regoinsurance.am հասցեով։

«Ռեբրենդինգի հետ մեկտեղ, մենք արդիականացրել ենք ծառայությունների և ապահովագրական պոլիսների մշակման մոտեցումները։ Ընկերության քաղաքականությունը դարձել է ավելի ճկուն, մենք արագ արձագանքում ենք շուկայի միտումներին և արդեն մշակել ենք մի շարք նոր ապահովագրական ծառայություններ, որոնք կներկայացնենք մինչև այս տարվա ավարտը։ Նախատեսում ենք գործակալական ցանցի ընդլայնում և գործընկերային ծրագրերի ակտիվ զարգացում, այդ թվում՝ բժշկական, գույքի և տուրիստական ապահովագրության ուղղությամբ»,- նշեց ՌԵԳՈ ապահովագրականի տնօրեն Արթուր Մկրտչյանը։

Ընկերությունը մտադիր է ամրապնդել շուկայում իր դիրքերն ու ընդլայնել պահովագրության ծավալները: Ներկա դրությամբ ՀՀ ապահովագրական շուկայում ՌԵԳՈ-ի մասնաբաժինը կազմում է 9%, իսկ ԱՊՊԱ ոլորտում՝ մոտ 12%: Ապահովագրության կամավոր տեսակները կազմում են ընկերության պորտֆելի մոտ 35%-ը։ Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով բեռների ապահովագրության ծավալը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 43%-ով։ Տուրիստական ապահովագրության ուղղությամբ արձանագրվել է 68%, դժբախտ պատահարներից ապահովագրության՝ 18%, գույքի ապահովագրության՝ 4% աճ։ ՌԵԳՈ-ի հետ մեկ պատուհանի սկզբունքով ակտիվորեն համագործակցում է մոտ 150 գործակալ, ինչն ապահովում է որոշումների կայացման արագությունը։ 2022 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքում ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը գերազանցել է 1,6 մլրդ դրամը։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post