ԿԲ նախագահն անշարժ գույքի շուկայի «գերտաքացումը» համարեց ֆինանսական կայունության երկու հիմնական ռիսկերից մեկը

03.05.2023 15:11
ԿԲ նախագահն անշարժ գույքի շուկայի «գերտաքացումը» համարեց ֆինանսական կայունության երկու հիմնական ռիսկերից մեկը

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ներկայացնելով Ֆինանսական կայունության 2022թ.–ի հաշվետվությունը, նշեց ֆինանսական կայունության երկու հիմնական ռիսկերը։

Նա պարզաբանեց, որ դրանցից մեկը պայմանավորված է արտաքին գործոններով, իսկ մյուսը` ներքին զարգացումներով։

«Համաշխարհային և ներքին տնտեսական ակտիվության հեռանկարների, ինչպես նաև գնաճի ռիսկերը պահպանվում են բարձր մակարդակում։ Բարձր են գնահատվում նաև տնտեսության պարտքային բեռի հնարավոր աճի ռիսկերը, և որպես հետևանք, վարկային կորուստների հնարավոր նյութականացման ռիսկերը», – ասաց Գալստյանը նախօրեին ասուլիսի ժամանակ։

Որպես ռիսկի երկրորդ գործոն ԿԲ նախագահը նշեց վերջին տարիներին գրանցվող հիփոթեքային վարկերի և անշարժ գույքի գների աճը, ինչը վկայում է անշարժ գույքի և հիփոթեքի շուկայի որոշակի «գերտաքացման» մասին։

«Մասնավորապես, վերջին հինգ տարում հիփոթեքային վարկավորման աճն ուղեկցվել է անշարժ գույքի գների աճով, որոնք լրացրել են միմյանց։ Դա վկայում է անշարժ գույքի շուկայում «գերտաքացման» ռիսկի առկայության մասին», – պարզաբանեց նա։

Գալստյանը նաև նշեց, որ կարգավորիչը որոշակի մտահոգություն է արտահայտում անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։ «ԿԲ–ի իրականացրած վերլուծությունների արդյունքների համաձայն, 2022թ.–ի դեկտեմբերի դրությամբ անշարժ գույքի գների հնարավոր գերարժեվորման չափը գնահատվում է 16-22%–ի միջակայքում։ Միաժամանակ  2023թ.–ի առաջին եռամսյակում իրականացված գնահատականներով` գերարժեվորումն ավելի շատ է ավելացել` հասնելով մոտ 25%–ի», – ասաց նա` ավելացնելով, որ այդ մակարդակն ամենաբարձրն է վերջին երկու տարիների ուսումնասիրությունների ընթացքում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post