ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին

14.11.2023 19:46
ՀՀ ԿԲ–ն զգուշացնում է դրամական միջոցներ ներգրավող Citi Bike ընկերության անօրինականության մասին

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Կենտրոնական բանկ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող Սիթի բայք (Citi bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցներից դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով

«Ելնելով այն հանգամանքից, որ ընկերությունը, ըստ էության, հանրության լայն շրջանակից ներգրավում է դրամական միջոցներ, մեր քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից Սիթի Բայք ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս», – նշվում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության մեջ։

Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, և կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների:

Զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով ԿԲ–ն հորդորում է օգտվել միայն տեղեկատվության պաշտոնական աղբյուրներից՝ այցելելով ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայք` www.cba.am, որտեղ կգտնեք ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված և վերահսկվող ֆինանսական այն կազմակերպությունների ցանկը, որոնք ՀՀ տարածքում իրավունք ունեն հանդես գալ հրապարակային առաջարկներով և զբաղվել օրենսդրությամբ թույլատրված գործունեությամբ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post