ՀՀ–ում շրջանառության մեջ է դրվել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

20.05.2024 13:16
ՀՀ–ում շրջանառության մեջ է դրվել  «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը, հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ:

Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում:

Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:

Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն, ձայնագրել է մոտ 1400 երգ տարբեր լեզուներով: Հայաստանին նվիրված երգերի շարքում են «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը:

Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում, հեղինակ է մի շարք գրքերի:

1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, 2016 թ. որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։

Արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների և կոչումների, որոնց շարքում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը (ասպետի, սպայի և կոմանդորի աստիճաններ), Հայաստանի ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի շքանշանը: 2009 թ-ից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ազնավուրի ստեղծագործությունը բանաստեղծության, երաժշտության և դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ։

Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Գյումրիում կանգնեցված է նրա հուշարձանը:

Հուշադրամի դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.):          

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն:

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը                    10 000 դրամ

Մետաղը/հարգը                             ոսկի 999

Քաշը                                                 8,6 գ

Տրամագիծը                                     22,0 մմ

Որակը                                                          պրուֆ

Դրամաշուրթը                                ատամնավոր

Թողարկման քանակը                   500 հատ

Թողարկման տարեթիվը               2024

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post