06.08.2024 11:49
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./ԱՌԿԱ/. Armenian Card (ArCa) ազգային վճարային համակարգի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Վարդան Խաչատրյանը: Այս մասին նշվում է ընկերության կայքում։
Խաչատրյանը, ով հունիսի 11-ին այս պաշտոնում փոխարինել էր Իշխան Մխիթարյանին, նախկինում զբաղեցնում էր ընկերությունում Ռիսկերի կառավարման տնօրենի պաշտոնը։
Վարդան Խաչատրյանը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում ունի երկար տարիների փորձ, այդ թվում` Կենտրոնական բանկում, վերապատրաստվել է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ֆրանսիայի և այլ երկրների կենտրոնական բանկերում և ոլորտի առաջատար ընկերություններում:
Armenian Card-ի Խորհրդի նախագահ Հովհաննես Խաչատրյանը նշել է.«ArCa-ն Հայաստանի համար ունի կարևորագույն ստրատեգիկ նշանակություն։ Այժմ ընկերությունը գտնվում է տրանսֆորմացիայի փուլում։ Համոզված եմ, որ նոր ռազմավարությամբ ու թիմով կստանանք սիներգիկ էֆեկտ՝ Հայաստանի վճարային համակարգը դարձնելով աշխարհի առաջատարներից մեկը»։
ArCa-ում նաև նշանակվել են վարչության նոր անդամներ՝ Ռուբեն Սաղոյանը՝ զարգացման տնօրեն, Հայկանուշ Հակոբյանը՝ գործառնական տնօրեն, Աղասի Վարդանյանը՝ տեխնոլոգիական տնօրեն, Աշոտ Վարդանյանը՝ ռիսկերի կառավարման տնօրեն։
Armenian Card-ը Հայաստանի ազգային վճարային ենթակառուցվածքն է, որն ապահովում է 2.5 մլն․ հաճախորդների և 100,000-ից ավել բիզնեսների անկանխիկ վճարումների գործընթացը։ Armenian Card-ի գործընկերերի էկոհամակարգում ներառված են ՀՀ առևտրային բանկերը և վճարաին կազմակերպությունները։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: