ՀՀ ԿԲ–ն նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկին ձեռք բերել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի 75 և ավելի տոկոսը

27.08.2024 15:25
ՀՀ ԿԲ–ն նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկին ձեռք բերել Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի 75 և ավելի տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը, հայտնում են ԿԲ–ի մամուլի ծառայությունից։

 Ավելի վաղ՝ 2024 թվականի փետրվարին, Արդշինբանկը հայտարարել էր, որ համաձայնության է եկել HSBC Europe B.V. (HSBC Holdings plc-ի դուստր ընկերությունը) իր հայաստանյան դուստր ընկերության՝ HSBC Բանկ Հայաստանի ձեռքբերման կապակցությամբ:

Արդշինբանկի մասին

Արդշինբանկը առաջատար բանկ է Հայաստանում, որն առաջարկում է ունիվերսալ բանկային ծառայություններ, այդ թվում՝ մանրածախ և կորպորատիվ, ներդրումային բանկային ծառայություններ, ինչպես նաև լուծումներ անձնական ակտիվների կառավարման ոլորտում (private banking & wealth management):

Բանկն ունի ավելի քան 375,000 հաճախորդ, որոնց սպասարկում են ավելի քան 1,700 աշխատակիցներ և հզոր բազմալիք վաճառքի հարթակ՝ 65 մասնաճյուղերով, որոնց աջակցում է մոբայլ և առցանց բանկինգի համալիր հարթակով: Բանկն ունի ամենամեծ մասնաճյուղային ցանցը երկրում և ունի ներկայացուցչություն Փարիզում և Ֆրանսիայում։

 Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որին շնորհվել են վարկանիշներ երեք միջազգային վարկանիշային գործակալություններից՝ սուվերեն մակարդակի վարկանիշ՝ S&P Global Ratings–ից (B+ (Դրական)), Moody's–ից (Ba3 (Կայուն)) և Fitch–ից (BB) - (Կայուն)): Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանից, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է RegS/144A ձևաչափով ​​եվրապարտատոմսեր։

Արդշինբանկի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

HSBC Բանկ Հայաստանի մասին

HSBC խմբի դուստր բանկը Հայաստանում հիմնադրվել է 1996թ.–ին։ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը սպասարկում է մոտ 30 հազար հաճախորդի Երևանում գործող 6 գրասենյակների միջոցով, որտեղ աշխատում է մոտ 310 աշխատակից։ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի ակտիվները 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում էին մոտ 290 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` մոտ 185 մլրդ դրամ, իսկ հաճախորդների ավանդները` մոտ 200 մլրդ դրամ: ($1 - 388,11 դրամ)


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post