Invia Investments հայկական բրոքերը ITS–ում առուվաճառքի հասանելիություն կտրամադրի

05.09.2024 13:28
Invia Investments հայկական բրոքերը ITS–ում առուվաճառքի հասանելիություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայկական բրոքեր Invia Investments-ը ստացել է Աստանայի միջազգային ֆինանսական կենտրոնի (AIFC) լիցենզիա և ավարտել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը ITS միջազգային հարթակին միանալու համար։

Ինչպես հայտնում է հարթակի մամուլի ծառայությունը, մոտ ապագայում Invia Investments-ը Հայաստանում իր հաճախորդներին հնարավորություն կտա առևտուր իրականացնել ITS-ում շրջանառվող ամենալիկվիդային միջազգային բաժնետոմսերով։

Invia Investments տեխնոլոգիական ընկերությունն ապահովում է ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացում՝ մանրածախ և ինստիտուցիոնալ ներդրողներին առաջարկելով ֆինանսական ծառայությունների ամբողջական շրջանակ՝ բրոքերական, դիլերական և դեպոզիտարային։

«Invia-ն ձգտում է կառուցել երկարաժամկետ գործընկերային հարաբերություններ` հիմնված վստահության, թափանցիկության և մեր հաճախորդների հաջողության վրա: ITS-ի առևտրային մասնակցի կարգավիճակի շնորհիվ մենք կարող ենք հաճախորդներին առաջարկել ավելի մեծ ներդրումային հնարավորություններ, հատկապես այն ժամերին, երբ փակ են հիմնական միջազգային հարթակները»,- նշել է Invia Investments-ի գլխավոր տնօրեն Անահիտ Շաքարյանը:

ITS-ում երկարատև առևտրային նստաշրջանի շնորհիվ՝ Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից մինչև հաջորդ օրը ժամը 03:45-ը, ներդրողները կարող են արդյունավետորեն կառավարել ներդրումային պորտֆելները՝ օպերատիվորեն արձագանքելով կորպորատիվ և տնտեսական իրադարձություններին այն ժամերին, երբ հիմնական ցուցակման բաժնետոմսերի բորսաները փակ են։

 «Մենք ուրախ ենք ողջունել Invia Investments-ին՝ որպես նոր պրոֆեսիոնալ մասնակցի ITS-ում: Նոր բրոքերի հայտնվելը մեր հարթակում առևտրի հասանելիություն է բացում ներդրողների ավելի լայն շրջանակի համար: Մենք ակնկալում ենք, որ ժամանակի ընթացքում Ղազախստանից և այլ երկրներից ITS-ի առևտրի մասնակիցների թիվը մի քանի անգամ կավելանա, և ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ ներդրողներ կիրականացնեն միջազգային արժեթղթերով առևտուր ITS հարթակում», - ասել է ITS-ի վարչության նախագահ Չինգիզ Կանապյանովը:

Invia Investments–ի մասին

Invia Investments-ը միակ ներդրումային ընկերությունն է Հայաստանում, որն ունի սեփական տեխնոլոգիական հարթակը և ծառայություններ, ինչպես նաև AIFC-ի լիցենզիա՝ բրոքերային գործունեություն իրականացնելու համար։ Այս տեխնոլոգիական լուծումները զգալի առավելություններ են տալիս բարձր հաճախականությամբ (HFT) և արբիտրաժային թրեյդերներին, ինչպես նաև այլ հաճախորդների, ովքեր գնահատում են ժամանակակից տեխնոլոգիաները, բարձր արագությունը և հուսալիությունը:

Ընկերությունն ունի ՀՀ Կենտրոնական բանկի 0025 լիցենզիան և առաջարկում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝ բրոքերային և դիլերային ծառայություններ։ Invia Investments-ի հաճախորդները կարող են օգտագործել կառուցվածքային պրոդուկտներ՝ ներդրումային պորտֆելներն օպտիմալացնելու համար, ինչպես նաև խորհրդատվություն ստանալ ֆինանսական պլանավորման, ռիսկերի կառավարման և շուկայի վերլուծության վերաբերյալ: Invia Investments-ը հնարավորություն է տալիս արժեթղթերի առուվաճառք իրականացնել NYSE-ում, Nasdaq-ում, Hong Kong Exchange-wum և ITS-ում:

ITS–ի մասին

ITS-ը իրացվելիության միջազգային հանգույց է: ITS բիզնես մոդելի հիմքում են best execution–ի սկզբունքն ու smart order routing իրացվելիության ապահովման տեխնոլոգիան, որոնք ներդրողներին թույլ է տալիս արժեթղթերով գործարքներ կնքել գլոբալ ֆինանսական շուկայի լավագույն գներով և ցանկացած ծավալով: Այս տեխնոլոգիայի շնորհիվ օտարերկրյա արժեթղթերի իրացվելիությունը ITS-ում նույնն է, ինչ առաջատար միջազգային հարթակներում, որտեղ իրականացվում է այդ արժեթղթերի առուվաճառքը։

ITS-ում հասանելի են ավելի քան 2700 միջազգային արժեթղթեր, այդ թվում՝ ETF-ները, ինչպես նաև բաժնետոմսերը: ITS-ով ներկայացված միջազգային արժեթղթերը ներառված են աշխարհի խոշորագույն ինդեքսներում, ինչպիսիք են Dow Jones Industrial Average-ը, Nasdaq-100-ը, S&P 500-ը և ընդգրկում են համաշխարհային տնտեսության 69 ճյուղեր:

ITS-ի առևտրային նստաշրջանի տևողությունը գրեթե 18 ժամ է, իսկ արժեթղթերի գծով հաշվարկները կատարվում են հաջորդ առևտրային օրը (T+1): ITS առևտրային օրացույցը համաժամանակեցվում է NASDAQ և NYSE առևտրային օրացույցների հետ:

ITS-ի անմիջական հաճախորդներն արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ են Ղազախստանից և այլ երկրներից՝ ֆինանսական միջնորդներ, ինչպես հավատարմագրված, այնպես էլ AIFC-ում ուղղակիորեն գրանցված: Ներդրողները՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք, առևտրի հասանելիություն են ստանում ֆինանսական միջնորդների՝ բրոքերների և բանկերի միջոցով:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post