09.09.2024 15:25
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի . /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը 2024 թվականի սեպտեմբերի 9-ին շրջանառության մեջ է դրել «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե հուշադրամը:
Գևորգյան հոգևոր ճեմարանը բացվել է 1874 թ. սեպտեմբերի 28-ին Սուրբ Էջմիածնում՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Սբ Գևորգ Զորավարի տոնին և կոչվել է «Ժառանգավորաց հոգևոր ճեմարան Սուրբ Գևորգյան»:
Այստեղ են դասավանդել ժամանակի լավագույն մանկավարժները՝ Մանուկ Աբեղյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Ստեփան Լիսիցյան, Քրիստափոր Կարա-Մուրզա, Հովհաննես Հովհաննիսյան, Հակոբ Մանանդյան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Կարապետ եպիսկոպոս Տեր-Մկրտչյան, Գարեգին եպիսկոպոս Հովսեփյան, Երվանդ Տեր-Մինասյան և այլք: Ճեմարանի նշանավոր շրջանավարտներից են Կոմիտաս վարդապետը, Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Նիկողայոս Ադոնցը, Ակսել Բակունցը և ուրիշներ:
Դիմերես՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի պատկերանիշը, ճեմարանի ուխտերգից հատված՝ «Մեծ տեսիլքի մենք զավակներ», Սուրբ Հոգու խորհրդանիշ աղավնի և խաչքարի վարդյակ:
Դարձերես՝ Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Կաթողիկոսի դիմապատկերը, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքը:
Անվանական արժեքը՝ 1000 դրամ
Թողարկման քանակը՝ 500 հատ։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: