25.09.2024 13:00
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի և ռուսական ռուբլու նկատմամբ հարաբերականորեն կայուն էր հունիս–օգոստոս ժամանակահատվածում, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – September 2024» ամփոփագրում։
Նշվում է նաև, որ 2023 թ․ համեմատ ՀՀ դրամ – ԱՄՆ դոլար փոխարժեքը սոսկ 0.5 տոկոսով էր ավելի թույլ օգոստոսի վերջին (տարեկան կտրվածքով), իսկ ՀՀ դրամ-ռուսական ռուբլի փոխարժեքը արժեզրկվեց 6.2 տոկոսով, (տարեկան կտրվածքով)։
«2024 թ․ 2-րդ եռամսյակում ՀՀ ԿԲ-ն 256.5 միլիոն ԱՄՆ դոլար գնեց՝ փոխարժեքի տատանումները հարթելու համար։ Միջազգային պահուստների կուտակումը շարունակվեց, որոնք հուլիս-օգոստոս ամիսներին աճելով 260 միլիոն ԱՄՆ դոլարով, կազմեցին 3.6 միլիարդ ԱՄՆ դոլար (համարժեք է 3 ամսվա ներմուծման ծածկույթի), սակայն դեռևս 13 տոկոսով ցածր են պահուստների՝ 2023 թ․ հուլիսի վերջի մակարդակից», – նշվում է ուսումնասիրության մեջ։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի օգոստոսին, նույն տարվա հուլիսի համեմատ, հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ մնացել է անփոփոխ, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ նվազել է 4,1%-ով։
Օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388,1 դրամ, ինչը 0,5 տոկոսով գերազանցում է 2023 թվականի օգոստոսի նույն ցուցանիշը։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: