ՀՀ բանկերը կփոխհատուցեն արցախցի 264 ուսանողի ուսման վարձավճարները

27.09.2024 11:59
ՀՀ բանկերը կփոխհատուցեն արցախցի 264 ուսանողի ուսման վարձավճարները

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միության անդամ և ՀՀ գործող բոլոր 18 առևտրային բանկերի որոշմամբ և համամասնորեն ցուցաբերված աջակցության արդյունքում ֆինանսական աջակցություն կտրամադրվի Լեռնային Ղարաբաղից տեղահանված ուսանողներին, որոնք այժմ ուսանում են ԵՊՀ-ում։

ՀՀ բանկերի միությունից հայտնում են, որ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

 ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը մասնավորապես կարևորել է համագործակցության սոցիալական բաղադրիչը։

 «ԵՊՀ առաջարկին բանկերն արձագանքել են մեծ պատրաստակամությամբ և աջակցության վերաբերյալ որոշումը կայացվել է միաձայն։  Հայաստանի բոլոր 18 առևտրային բանկերը որոշակի համամասնությամբ իրենց մասնակցությունն են ունեցել այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում։ Որոշման համաձայն՝ շուրջ 35 մլն դրամ կուղղվի մասնավորապես «Տնտեսագիտություն և կառավարում» և «Իրավագիտություն» ֆակուլտետների 264 ուսանողի ուսման վարձավճարի փոխհատուցմանը»,- ընդգծել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը։

«Երևանի պետական համալսարանը մշտապես կարևորում է ուսանողների կրթական և սոցիալական կարիքները՝ փնտրելով դրանց լուծման տարբերակներ: Այսօր ստորագրված համագործակցության հուշագիրը ոչ միայն լուծում է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր ուսանողների ուսման վարձավճարների հարցը, այլև հիմք ստեղծում ապագայում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրագործման համար՝ ուղղված ուսանողների պրակտիկ հմտությունների զարգացմանը և կրթական հնարավորությունների ընդլայնմանը։ Մենք խորապես գնահատում ենք Բանկերի միության աջակցությունն ու համագործակցելու պատրաստակամությունը»,– նշել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Հավելենք, որ հուշագրի համաձայն կողմերը կարող են կազմակերպել բաց դասեր, սեմինարներ, հրատարակել   ուսումնամեթոդական նյութեր, իրականացնել համատեղ հետազոտական նախագծեր, ինչպես նաև միջազգային համագործակցային ծրագրեր։ ԵՊՀ ուսանողներին հնարավորություն կընձեռվի նաև ուսումնական և մասնագիտական պրակտիկաներն անցկացնելու ՀԲՄ-ում։ Իսկ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը կարող է  անվճար մասնակցել ՀԲՄ ուսումնական և որակավորման կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներին։


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post