30.09.2024 14:07
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բորսայական շուկան կսկսի գործել մինչև 2032 թվականը, ասել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Մաքսիմ Երմոլովիչը։
«Ընդհանուր բորսայական շուկայի հայեցակարգի նախագիծը կքննարկվի վաղը կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Մենք հուսով ենք, որ կառավարությունների ղեկավարները կհաստատեն այս հայեցակարգը»,- ասաց նա երկուշաբթի Երևանում անցացվող Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովի շրջանակում։
Ըստ Երմոլովիչի, հայեցակարգը նախատեսում է բավականին կարճ ժամանակահատվածում ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման չորս փուլ, որին կհաջորդի ծրագրի մշակում, որտեղ կորոշվեն մանրամասն միջոցառումները։
«Ծրագրի նախագիծն արդեն կա, և մնում է այն իրականացնել գործնականում»,- ասաց նա։
Այս առնչությամբ նախարարը պարզաբանեց, որ բորսոաները չեն սպասում որոշումների, այլ ակտիվորեն աշխատում են փոխգործակցության էկո–միջավայր ստեղծելու ուղղությամբ, որն ամրագրված է կոնկրետ համաձայնագրերով։
«Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումում ստորագրվեց հնգակողմ համաձայնագիր, որում ընդգրկված էին և՛ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, և՛ դիտորդ երկրները։ Այսինքն՝ բորսաներն իրենք են կազմակերպվում և սկսում փոխգործակցել՝ գնային ցուցիչներ ձևավորելու համար, ինչը շատ կարևոր է ընդհանուր շուկայի համար»,- ասաց Երմոլովիչն՝ ընդգծելով, որ բորսաների ընդհանուր տարածքի ձևավորումը հիմնված կլինի բորսաների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: