01.10.2024 12:07
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նախօրեին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ աջակցությամբ իրականացվող պահուստային ծրագրի ներքո սահմանված միջոցառումների կատարման ընթացքը։
Բարձր գնահատելով ԱՄՀ հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ փոխվարչապետը կարևորել է նախատեսվող բարեփոխումների նշանակությունը երկրի մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի ապահովման գործում։
Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել հանրային ներդրումների կառավարման համակարգին, ինչպես նաև հարկաբյուջետային քաղաքականությանն առնչվող բարեփոխումների հիմնական ուղղություններին։
Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ գործընկերներին է ներկայացրել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի ընթացիկ ցուցանիշները՝ մանրամասն անդրադարձ կատարելով վերջիններիս իրականացման նպատակով 2025թ․ պետական բյուջեի նախագծով սահմանված ծախսային հիմնական ուղղություններին։
SBA համաձայնագրի մասին
2022 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՀ-ի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի համար 36-ամսյա Stand-by Arrangement (SBA) ծրագիրը, որն աջակցում է իշխանությունների ջանքերին՝ մակրոտնտեսական, ֆինանսական և ֆիսկալ կայունությունը պահպանելու և ներքին տնտեսական օրակարգն առաջ մղելու համար:
2023 թվականի հունիսին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն ավարտեց առաջին վերանայումը համաձայնագրի շրջանակում, ինչի արդյունքում Հայաստանը ստացավ 18,4 միլիոն SDR–ի հասանելիություն (մոտ 24,5 միլիոն դոլար), նույն տարվա դեկտեմբերին՝ երկրորդ վերանայումը 18,4 միլիոն SDR–ի (մոտ 24,4 միլիոն դոլար), իսկ այս տարվա հունիսին՝ 18,4 մլն SDR–ի (24,5 մլն դոլար) երրորդ վերանայումը։
Stand-by Arrangements-ը նախատեսում է, որ երկիրը ստանում է երաշխիք, որ նա կկարողանա ավտոմատ կերպով ցանկացած պահի, համաձայնագրի ժամկետի շրջանակում, դրա պայմանների պահպանման դեպքում ստանալ արտարժույթ մինչև գումարի սահմանաչափը, ինչի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրով հատկացված միջոցների չափը, որպես կանոն, գերազանցում է դրանց իրական օգտագործման չափը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկի գումարը վերադարձվում է հիմնադրամ։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: