Կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ նոտարական պալատի միջև տվյալների փոխանակման նոր էլեկտրոնային հարթակի գործարկվում

01.11.2024 20:18
Կենտրոնական դեպոզիտարիայի և ՀՀ նոտարական պալատի միջև տվյալների փոխանակման նոր  էլեկտրոնային հարթակի գործարկվում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 1-ին, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) գլխավոր տնօրեն Անի Մակարյանի և Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանի միջև կնքվեց պայմանագիր՝ տվյալների փոխանակման նոր էլեկտրոնային հարթակի գործարկման վերաբերյալ, հաղորդում է Հայաստանի ֆոնդային բորսան։

Հարթակը հնարավորություն է տալիս նոտարին ուղարկել հարցումներ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա ԲԲԸ՝ ժառանգատուին պատկանող արժեթղթերի և կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, ինչպես նաև ժառանգության իրավունքի վկայագրում առկա տվյալների փոխանակում իրականացնելու համար:

Սույն կարգը հաստատվել է ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով դեռևս 2023 թվականի սեպտեմբերի 5-ին։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան վարում է արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգը, որը ներառում է նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերի մասնակցի ռեեստրի վարման գործառույթը: Քանի որ արժեթղթերն ու կենսաթոշակային ֆոնդի փայերը հանդիսանում են քաղաքացիների սեփականությունը, ժառանգության իրավունքի գործարքների համար նոտարները հաճախակի են դիմում Կենտրոնական դեպոզիտարիային՝ համապատասխան հարցումներ ուղարկելով: Նախկինում այս գործընթացը իրականացվում էր թղթային եղանակով, որը խլում էր բավականին ժամանակ և ռեսուրսներ։

Այս նոր էլեկտրոնային հարթակը էականորեն կբարելավի գործընթացը՝ հնարավորություն տալով նոտարներին և Կենտրոնական դեպոզիտարիային իրականացնել տվյալների փոխանակում առցանց: Այս փոփոխությունը արագացնում է տեղեկատվության տրամադրման գործընթացը, ապահովում տվյալների անվտանգությունն ու պարզությունը՝ միաժամանակ կրճատելով ժառանգական իրավունքի վկայագրերի ներկայացման և սեփականության փոխանցման ժամկետները:

Նոր հարթակը նաև հնարավորություն է տալիս ժառանգական իրավունքի վկայագրերի փոխանցումն իրականացնել առցանց, որն էապես կրճատում է ժամանակատար և հաճախ բարդ գործընթացը՝ ապահովելով, որ ժառանգները ստանան իրենց պատկանող սեփականությունը արագ և անվտանգ եղանակով:

«Մեր նպատակներից մեկն է բարելավել մեր գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման արդյունավետությունը՝ օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային և թվային լուծումներ, որոնք ոչ միայն կհեշտացնեն գործընթացները, այլև հնարավորություն կտան ավելի արագ, ճշգրիտ և հարմարավետ սպասարկում իրականացնել։ Մասնավորապես փաստաթղթային շրջանառությունը գրեթե կվերանա և գործընթացները կիրականացվեն ամբողջապես էլեկտրոնային և ակնթարթային տարբերակով։ Կարծում եմ, որ այս բարեփոխումը կլինի այն առանցքային գործիքը, որը էապես կբարելավի թե՛ Կենտրոնական դեպոզիտարիայի և թե՛ ՀՀ Նոտարական պալատի կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ բերելով նոր որակ պետական և մասնավոր հատվածների միջև համագործակցությունում»,- նշել է ՀԿԴ-ի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը։

 Այս նախաձեռնությունն առաջին քայլն է Հայաստանում ժառանգական գործընթացների ժամանակակից, տեխնոլոգիապես ապահով ու արագ լուծումների ներդրման ճանապարհին՝ խթանելով քաղաքացիների սեփականության իրավունքի պահպանությունը և ապահովությունը։


Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է  քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post