Տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը 38–րդ տեղն է զբաղեցնում. Heritage Foundation

10.01.2013 13:23
Տնտեսական ազատության վարկանիշում Հայաստանը 38–րդ տեղն է զբաղեցնում. Heritage Foundation

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. 2012թ.–ի արդյունքներով` տնտեսական ազատության վարկանիշում 177 պետությունների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 38–րդ տեղը` առաջ անցնելով ԱՊՀ բոլոր երկրներից։ Այդ մասին վկայում են «Ժառանգություն» (Heritage Foundation) ամերիկյան հիմնադրամի հրապարակած «Տնտեսական ազատության ցուցիչը 2013» զեկույցի տվյալները։

Հետազոտության համաձայն, հայկական տնտեսության ազատության մակարդակը գնահատվում է 69,4 միավոր, որն անցյալ տարվա համեմատ բարձրացել է 0,6 կետով։ Ինչպես նշում են Heritage Foundation–ի մասնագետները, միավորի աճը հիմնականում արտացոլում է պետական ծախսերի կառավարման արդյունավետության բարձրացումը։

Միաժամանակ տնտեսական ազատության մակարդակով Հայաստանը գտնվում է 17–րդ տեղում` Եվրոպական տարածաշրջանի 43 երկրների ցանկում։

Heritage Foundation հիմնադրամի զեկույցի տվյալների համաձայն, Հայաստանում «ձեռնարկատիրության ազատությունը» գնահատվում է 87,6 միավոր, «առևտրի ազատությունը»` 85,4 միավոր, «ֆիսկալային ազատությունը»`88  միավոր, «պետական ծախսերը»` 82,1 միավոր, «դրամաշնորհային ազատությունը` 73 միավոր, «ներդրումային ազատությունը»` 75 միավոր, «ֆինանսական ազատությունը»` 70 միավոր, «սեփականության իրավունքները»`30 միավոր, «կոռուպցիայի ազատությունը»` 26 միավոր և «աշխատանքի ազատությունը»` 77,1 միավոր։

Հետազոտողները նշում են, որ թեպետ երկիրը լավ արդյունքներ է ցույց տալիս տնտեսական ազատության մի շարք ցուցանիշներով, այնուամենայնիվ ազատ տնտեսության հիմքերը խթան չեն ստանում այնպիսի բնագավառներում, ինչպիսին են դատական համակարգի անկախությունը և կառավարության գործունեության թափանցիկությունը։ Միաժամանակ հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ չնայած կոռուպցիայի դեմ պայքարին (մասնավորապես հարկային ոլորտում), կոռուպցիան, իշխանության ու բիզնեսի սերտաճումը բերում են նրան, որ երկրում չարաշահվում է բիզնեսի վրա իշխանական շրջանակների ազդեցությունը։

«Տնտեսական ազատության ցուցիչը 2013» վարկանիշն ավանդաբար գլխավորել է Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների քառյակը` Հոնկոնգը (89,3 միավոր), Սինգապուրը (88 միավոր), Ավստրալիան (82,6 միավոր), Նոր Զելանդիան (81,4 միավոր), ինչպես նաև Շվեյցարիան (81 միավոր)։

Տարածաշրջանի երկրների ցանկում Վրաստանը զբաղեցրել է վարկանիշի 21–րդ տեղը (տարածաշրջանի առաջնորդը), Ադրբեջանը` 88–րդ, Ռուսաստանը` 139–րդ տեղը։

Վարկանիշում 50–ից ցածր միավորներ հավաքած երկրները համարվում են «բացարձակ ոչ ազատ», 50–60 միավոր ունեցողները` «առավելապես ոչ ազատ», 60–70 միավոր` «համեմատաբար ազատ», 70–80 միավոր` «հիմնականում ազատ», իսկ 80 միավորից ավել` «ազատ»։

Ամեն տարի հրապարակվող Heritage Foundation–ի վարկանիշը տասը ցուցանիշներով գնահատում է աշխարհի տարբեր երկրների տնտեսական ազատությունը, որում ներառված են բիզնեսի վարումը, առևտուրը, ֆիսկալակային և դրամավարկային քաղաքականության հետ կապված իրավիճակը, ներդրումների, աշխատանքային շուկայի ազատությունը, ինչպես նաև կոռուպցիայի մակարդակը։

«Ժառանգություն» հիմնադրամը (Heritage Foundation) հիմնադրվել է 1973թ.–ին` որպես հետազոտական և կրթական կազմակերպություն։ Հիմնադրամը մեծ քանակությամբ տեղեկատվական և վերլուծական նյութեր է հրապարակում ներքին և արտաքին քաղաքականության տարբեր ասպեկտներով` սոցիալական խնդիրներից մինչև հակահրթիռային պաշտպանության ծրագրեր։ Heritage Foundation–ի հետազոտությունները և հրապարակումները մասնավորապես նվիրված են այնպիսի խնդիրների, ինչպիսին են ահաբեկչության դեմ պայքարը, ռազմավարական կայունությունը, միջազգային անվտանգության տարածաշրջանային տեսակետները։ Հիմնադրամի գործունեությանն ակտիվորեն մասնակցում են ականավոր ամերիկացի քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, գիտական ընկերության ներկայացուցիչներ։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև