Բիզնեսը և աշխատաշուկան կորոնավիրուսի ժամանակ. ինչպե՞ս հակազդել և հաղթահարել

17.04.2020 12:05
Բիզնեսը և աշխատաշուկան կորոնավիրուսի ժամանակ. ինչպե՞ս հակազդել և հաղթահարել

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./ԱՌԿԱ/. Միջին և բարձր օղակի մասնագետների որոնմամբ (executive search) զբաղվող Relevant ընկերության հիմնադիր և տնօրեն Սևադա Բաղդյանը հուշում է բիզնեսին ու աշխատաշուկային՝ ինչպես հակազդել և հաղթահարել կորոնավիրուսի համավարակն ու դրա հետևանքները։

COVID-19 համավարակի հետևանքով աշխարհն այժմ սպասողական վիճակում է: Այս համաշխարհային դադարի ընթացքում կատարված բոլոր ջանքերն ուղղված են վիրուսի տարածումը կանխելուն և հնարավորինս շատ կյանքեր փրկելուն։ Այս պահին դժվար է ասել`արդյոք բնությո՞ւնն է այսկերպ ինքնամաքրվում, թե՞ սա հերթական «սև կարապն» է, որին սովորաբար չենք սպասում։ Սակայն ակնհայտ է մի բան.կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային տնտեսությունն էլ առաջվանը չի լինի։ Շատ ապահովագրական ընկերություններ բիզնեսներին չեն փոխհատուցի՝ հիմք ընդունելով պայմանագրերում առկա ֆորս մաժորին առնչվող կետերը։

Կտևի այս ամենը մի քանի ամիս, թե մի քանի տարի, միևնույնն է՝բիզնեսի պատասխանատուները և աշխատաշուկայի ներկայացուցիչներն այսօրվանից պետք է մտածեն ինքնազարգացման և փոփոխությունների քայլեր իրականացնելու մասին, որպեսզի լինեն մրցունակ և՛ հնարավոր երկարատև պանդեմիայի դեպքում, և՛  դրանից հետո։ Ի վերջո, ցանկացած ճգնաժամ իր հետ բերում է ոչ միայն խնդիրներ և մարտահրավերներ, այլև նոր հնարավորություններ։

Այս առիթով, առանձնացրել եմ մի քանի կետ, որոնք կորոնավիրուսային (և, ինչու ոչ, նաև ցանկացած այլ) ճգնաժամի և հետճգնաժամի ընթացքում կարող են հնարավոր լուծումներ գտնելու կարճ ուղեցույց լինել բիզնեսների և աշխատաշուկայի համար։

Հավաստի տեղեկատվություն և տեղեկացվածություն

Ժամանակին ճիշտ քայլեր կատարելու համար պետք է հետևել լրահոսին և լինել տեղեկացված։ Իրադարձությունները զարգանում են ժամ առ ժամ և հատկապես արագ զարգացող իրավիճակներում դժվար է գտնել հավաստի տեղեկություն։

Այսպիսի կայծակնային արագության պարագայում կարող է պարզվել, որ նույնիսկ մասնագիտական կարծիքն է սխալ։ Ցանկացած դեպքում կարևոր է օգտվել միայն արժանահավատ տեղեկատվություն տրամադրող և հեղինակություն վայելող կայքերից և մեդիա ռեսուրսներից. մեդիագրագիտությունն այսօր անհրաժեշտ հմտություն է ցանկացած բիզնեսի համար: Ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա էլ պետք է կազմել մեր կյանքի և բիզնեսի պլանավորումը։

Սակայն պլանավորումը ներկա իրավիճակում չպետք է լինի երկարաժամկետ, քանի որ ապրում ենք արագ փոփոխվող և անորոշ ժամանակաշրջանում. պետք է կարողանանք լինել ճկուն, իրավիճակին արագ արձագանքող՝ անհրաժեշտության դեպքում փոփոխելով և ադապտացնելով նախապես պլանավորված ծրագրերը և որոշումները:

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում պետությունը հանդես է գալիս բիզնեսի աջակցման տարբեր ծրագրերով, որոնց թիվն աճում է՝ ներգրավելով ավելի ու ավելի շատ խմբերի։ Մյուս կողմից, տարբեր իրավաբանական և խորհրդատվական ընկերություններ ներկայացնում են անվճար օնլայն խորհրդատվություն՝ ստեղծված իրավիճակից առավելապես քիչ վնասներով դուրս գալու համար:

Բիզնես գործընթացներ և օպտիմալացում

Շրջանառության նվազումը բիզնեսներին կարող է դարձնել վնասաբեր, քանի որ ոչ բոլոր ծախսերն է հնարավոր արագ կրճատել։ Սակայն գրեթե բոլոր բիզնեսներն ունեն զգալի քանակի այսպես կոչված «չաշխատած» օգուտ, որին գուցե ուշադրություն չեն դարձրել «մինչկորոնավիրուսյան» անհոգ ժամանակներում։ Այդ ռեսուրսը բիզնեսի շահերին ծառայեցնելու նպատակով՝ նախ կարիք կլինի հստակեցնել բոլոր բիզնես գործընթացները, որից հետո հեշտ կլինի բիզնեսի կազմակերպման ամեն փուլի առանձին գործընթացը վերլուծել և օպտիմալացնել, այդ թվում՝ կրճատել։ Այս հարցում բիզնեսի ավտոմատացման տարբեր գործիքները կարող են օգտակար լինել:

Ծախսերի արդյունավետ կրճատման համար իմ խորհուրդն է՝ վերցնել ամեն մի բիզնես գործընթաց և չափել նրա ազդեցությունը շահույթի և հասույթի վրա, այնուհետև հաշվել այդ գործընթացի ինքնարժեքը։ Արդյունքում կպարզվի, որ շատ գործընթացների կրճատման դեպքում բիզնեսը էական վնաս չի կրի, պարզապես «անամպ» ժամանակներում դրանց մենք սովորաբար ուշադրություն չենք դարձնում։ Այս տրամաբանությամբ գործելով՝ դուք կկրճատեք ծախսերը՝ միաժամանակ պահպանելով ձեր բիզնեսի հարաբերական կայունությունը:

Սակայն «չաշխատած» շահույթի հնավորություններից օգտվելը միայն օպտիմալացման արդյունք չպետք է լինի։ Բիզնեսի պատասխանատուները նաև պետք է գտնեն վաճառքների ավելացման հնարավորություններ, օրինակ՝զարգացնել իրենց ապրանքների կամ ծառայությունների առցանց վաճառքը, այլ կերպ ասած՝ իրենց ապրանքատեսականիով կամ ծառայություններով մուտք գործեն էլեկտրոնային առևտրի (e-commerce) դաշտ։ Կիսափակ սահմանների դեպքում հիանալի հնարավորություն է ստեղծվում ներքին շուկային առաջարկել այնպիսի ապրանքներ, որոնք սովորաբար ներմուծվել են։

Խաղի կանոններ փոխող ղեկավարություն (Game-Changer CEO)

Այս օրերին շատ բան կախված կլինի ընկերության ղեկավարների արագ և ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունից, որոնք, ցավոք, ոչ հաճախ հանդիպող հատկություններ են։ Ղեկավարները պետք է դիմեն ռիսկային քայլերի և պատասխանատվությունն իրենք ստանձնեն։ Եվ եթե բիզնեսի ղեկավար կազմում կան այսպիսի մարտիկներ, ապա հիմա հենց նրանց աստեղային ժամն է։

Ղեկավարի առաջին քայլը պետք է լինի օգնել բիզնեսին «դուրս գալ մահվան գոտուց»։ Այս տերմինը հաճախ օգտագործվում է լեռնագնացների մոտ. դա ծովի մակերևույթից 8000մ և ավելի բարձրության վրա գտնվող կյանքի համար անբարենպաստ պայմաններ ունեցող գոտին է։ Այսպիսի գոտում երկար մնալը հաճախ դառնում է լեռնագնացների մահվան պատճառ։ Այսինքն, գոտուց արագ դուրս գալը դառնում է կենսական կարևորություն ունեցող մարտահրավեր:

Ոչ պակաս կարևոր է ղեկավարի համար ճիշտ և օպերատիվ հաղորդակցությունը: Բիզնեսի համար մահացու վտանգավոր է, երբ հրատապ հարցերի ժամանակ ղեկավարն անհասանելի է լինում իր աշխատակիցների համար կամ ղեկը չի վերցնում իր ձեռքը։ Հաճախորդները, աշխատակիցները, բիզնես գործընկերները պետք է տեսնեն ու զգան, որ ղեկավարն իր տեղում է և տիրապետում է իրավիճակին։

Դրա համար ցանկալի է, որ ղեկավարը հաճախակի շփվի ընկերության աշխատակիցների և բիզնես գործընկերների հետ, եթե նույնիսկ նախկինում դա հաճախ չի արել։ Հատկապես ճգնաժամային օրերին մարդիկ ավելի շատ հակված են և ցանկանում են վստահել մարդուն և մարդկային շփմանը, քան բիզնես գործընթացներին, ավտոմատացված համակարգերին կամ պայմանագրերին։

Մասնագիտություններ, որոնք ակտուալ են ներկայում և պահանջված կլինեն ապագայում

Այստեղ նույնպես կարևոր են ճկունությունն ու արագությունը: Ճգնաժամային օրերին պահանջված կլինեն այն ղեկավարներն ու աշխատակիցները, որոնք կարող են արագ փոփոխվող իրավիճակին հարմարվել և լավագույն լուծումներ գտնել բիզնեսների համար, ինչպես նաև ճգնաժամային կառավարիչները։ Օպտիմալացման և ավտոմատացման մասնագետները նույնպես կունենան բարձր պահանջարկ։

Հաշվի առնելով առաքման կարևորությունը՝ կարանտինի ընթացքում կշարունակեն պահանջված լինել առաքիչները, զանգերի կենտրոնի աշխատակիցները, թվային մարքեթինգի մասնագետները, էլեկտրոնային առևտրի ոլորտի ղեկավարները։

Վաճառքների ծավալների անկմանը զուգընթաց՝ հմուտ վաճառքի մենեջերները և արդյունքի վրա աշխատող մարքեթոլոգները կարող են փրկօղակ դառնալ բոլոր բիզնեսների համար։

Իրենց եկամուտների համար կարող են նաև շատ չանհանգստանալ այն ծրագրավորողները, որոնք ունեն օնլայն խաղերի կամ հեռավար հաղորդակցության պլատֆորմների ծրագրավորման ոլորտներում աշխատանքային փորձ:

Ելնելով նշվածից՝ այն մասնագետները, որոնք կորցրել են իրենց աշխատանքը և ունեն վերը նշված փորձառությունները կամ հմտությունները, պետք է ներգրավվեն այս ոլորտներում։

Սայայն ոչ ոք չգիտի՝ որքան կտևի ճգնաժամը և ինչ հետևանքներ կունենա: Այդ պատճառով երազած աշխատանքին սպասելով պարապ մնալն այս դեպքում սխալ մարտավարություն է։ Իսկ եթե, այնուամենայնիվ, առաջացել է ազատ ժամանակ, ապա պետք է այն օգտագործել տարբեր առցանց դասընթացների միջոցով նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար։

Մասնագետի աշխատավարձը ձևավորվում է նաև նրա գիտելիքներից և փորձից, և այժմ ստեղծված է հիանալի հնարավորություն, որպեսզի նոր գիտելիքների շնորհիվ ձեր ապագա աշխատավարձի համար ավելի վստահ կարողանաք բանակցել գործատուների հետ։

Հեռավար աշխատանք և գրասենյակի անհրաժեշտութուն

Աշխատանքը տանից հաջող կամ մասամբ հաջող կազմակերպելուց ոգեշնչված՝ հավանաբար շատ գործարարներ սկսել են մտածել՝ արդյոք անհրաժե՞շտ է ունենալ գրասենյակ, կամ արդյոք անհրաժե՞շտ է, որ բոլոր աշխատակիցներն աշխատեն գրասենյակից։ Հետճգնաժամային շրջանում հավանաբար շատերը կհրաժարվեն գրասենյակներից կամ կփոքրացնեն դրանց չափերը, ինչը գումարի նշանակալի խնայողություն է:

Սակայն հեռավար աշխատանքն իր հետ կբերի խնդիրներ, որոնք, միանշանակ, կարելի է լուծել։ Օրինակ, ինչպես մոտիվացնել աշխատակցին, ինչպես բարձրացնել թիմի արդյունավետությունը, և այլն. անհրաժեշտ կլինի աշխատակցին գնահատել հստակ արդյունքի համար, քանի որ հեռավար աշխատանքի դեպքում վերահսկողությունը փոքրանում է։

Հեռավար աշխատանքի կազմակերպման, վերահսկման և գնահատման համար կարելի է հայացքն ուղղել ՏՏ ոլորտ, որտեղ վաղուց են հաջողությամբ կիրառում այդպիսի գործիքներ, ինչպիսիք են Clickup-ը, Loom-ը, Trello-ն, calendly-ն և այլն։

Կտևի ճգնաժամը մի քանի ամիս, թե մի քանի տարի, միևնույնն է՝ չի կարելի իներտ լինել: Պետք է ձեռնարկել քայլեր, նվազեցնել վնասները, մեծացնել օգուտները և հերթական սև կարապին ճանապարհել՝ ավելի ուժեղացած և զարգացած: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև