Զարգացման ասիական բանկը Հայաստանին 65 մլն դոլարի վարկ կտրամադրի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար

25.11.2011 14:52
Զարգացման ասիական բանկը Հայաստանին 65 մլն դոլարի վարկ կտրամադրի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ) հաստատել է Հայաստանի փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով 65 մլն դոլարի հնգամյա վարկային ծրագիրը, տեղեկացվում է բանկի կայքում:

Տեղեկատվության համաձայն՝ միջոցները կփոխանցվեն հանրապետության չորս առևտրային բանկերին՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻՆ, Արդշինինվեստբանկին, Ամերիաբանկին և Ւնեկոբանկին՝ ՓՄԲ-ի վարկավորման համար, որին բաժին է հասնում ողջ բիզնեսի գրեթե 98 տոկոսը և որն ապահովում է ՀՆԱ-ի և երկրի զբաղվածության ավելի քան 40 տոկոսը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ փոքր և միջին բիզնեսի հատվածը մեծ նշանակություն ունի՝ ձեռնարկությունների աճի ապահովման, երկրում զբաղվածության ավելացման և աղքատության կրճատման համար:

«Սա Հայաստանի ՓՄԲ-ի զարգացմանն ու ֆինանսական հատվածի աջակցմանն ուղղված ԶԱԲ-ի առաջին նախաձեռնությունն է: Այս ծրագրով բանկերին տրամադրվում են միջնաժամկետ միջոցներ, որոնք կենսական կարևորություն ունեն ՓՄԲ-ի վարկավորումը ընդլայնելու համար», - նշել է Հայաստանում բանկի մշտական ներկայացուցիչ Դևիդ Դոուլը:

Նրա խոսքերով՝ ՓՄԲ-ին ցուցաբերվող այս օգնությունը կօգնի Հայաստանում ստեղծել աշխատատեղեր և բարձրացնել եկամտաբերությունը, ինչպես նաև կօգնի հանրապետությանը դիվերսիֆիկացնել տնտեսությունը:

«Բանկային վարկերը հասանելի են Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների համար, սակայն տրամադրվող միջոցները բավարար չեն ձեռնարկությունների պահանջները բավարարելու համար: Փոքր բիզնեսի ֆինանսավորումը զսպվում է 2009թ.-ի տնտեսական ճգնաժամի հետևանքով դրամական փոխանցումների ծավալների դանդաղմամբ և ավելի փոքր ընկերություններ վարկավորելու բանկերի ցանկության բացակայությամբ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, բանկերը բախվել են դժվարությունների հետ միջնաժամկետ ֆինանսավորման աղբյուրների հարցում՝ փոքր և միջին ձեռնարկություններին երկարաժամկետ վարկեր տրամադրելու համար՝ նրանց արդյունավետության բարձրացման նպատակով:

Տեղեկատվության համաձայն՝ վարկավորման ծրագիրը մի շարք նորամուծություններ ունի, մասնավորապես՝ բանկերի համար տրամադրվող վարկերի հաշվարկման նվազագույն շեմ է սահմանվել Երևանի սահմաններից դուրս գտնվող ընկերությունների համար: Մասնակից բանկերը համաձայնվել են նաև տվյալներ տրամադրել ծրագրի հաճախորդների շրջանում կին ձեռներեցների թվի մասին:

Հայաստանը միացել է ԶԱԲ-ին 2005 թ.-ին և ներառված է խառը (արտոնյալ և հասարակ) ֆինանսավորում ունեցող երկրների խմբի մեջ:

ԶԱԲ-ը զբաղվում է աղքատության կրճատմամբ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածքում տնտեսական աճի և տարածաշրջանային ինտեգրման միջոցով:

Բանկը հիմնադրվել է 1966 թ.-ին, նրա սեփականատերն է 67 անդամ: 2010 թ.-ին ԶԱԲ-ի ֆինանսավորումը կազմել է 17,51 մլրդ դոլար: Բացի այդ, առևտրային ֆինանսավորման ընթացիկ ծրագիրը կազմել է 2,8 մլրդ դոլար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև