Ռուսաստանը կրճատել է ԱՄՆ–ի պարտատոմսերում ավանդները 40%–ով

16.06.2015 14:32
Ռուսաստանը կրճատել է ԱՄՆ–ի պարտատոմսերում ավանդները 40%–ով

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանը կրճատել է ամերիկյան պարտատոմսերում ավանդները տարեկան ավելի քան 40 տոկոսով, վկայում է երկուշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած զեկույցը։

2015 թվականի ապրիլի դրությամբ (վերջին ամիսը, երբ հրապարակվել են մանրամասն տվյալներ), Ռուսաստանը տիրապետում է 66.5 մլրդ դոլարի ԱՄՆ պետական արժեթղթերի 2014 թվականի ապրիլի 116.4 մլրդ դոլարի դիմաց, հայտնում է vestifinance.ru–ն։ Այս տարվա մարտից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ռուսաստանը վաճառել է 3.4 մլրդ դոլար անվանական արժեքի ամերիկյան պետական արժեթղթեր։ Նախորդ տարվա օգոստոսից ԱՄՆ–ի թղթերի ծավալը ռուսական կառավարության պորտֆելում անընդհատ կրճատվում է, ՌԴ–ն ամերիկյան պարտատոմսերում ներդրումների ծավալով 12–րդ տեղից իջել է 22–րդ։

Առաջվա պես առաջին տեղում մնում է Չինաստանը` նրա տիրապետության ներքո են գտնվում 1.26 տրլն դոլարի ԱՄՆ պարտատոմսեր` նույնքան, որքան 2014 թվականին։ Երկրորդ տեղում Ճապոնիան է, որը տիրապետում է 1.22 տրլն դոլարի ամերիկյան պարտատոմսերի և գրեթե չի փոխել իր պորտֆելը։

Ընդհանուր առմամբ ապրիլին օտարերկրացի սեփականատերերն ամերիկյան պարտքը պահել են 6.14 տրլն դոլարի մակարդակում 2015 թվականի մարտի 6.18 տրլն դոլարի դիմաց։

Բելգիան աչքի է ընկել մարտին` երկիրը կրճատել է ներդրումները US Treasures–ում 345.3 մլրդ դոլարից մինչև 252.8 մլրդ դոլարի։ Բրազիլիան ԱՄՆ պետպարտատոմսերում պահում է 261.5 մլրդ դոլար։

US Treasures–ի խոշորագույն ավանդատուների տասնյակում են նաև Իռլանդիան, Շվեյցարիան, Բրիտանիան, Հոնկոնգը, Լյուքսեմբուրգը և Թայվանը։ 2013 թվականի դեկտեմբերին ԱՄՆ պետպարտատոմսերում ռուսական ավանդները կազմում էին 138.6 մլրդ դոլար։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև