06.09.2023 09:48
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Այս տարի լրանում է հայկական դրամի 30-ամյակը, որը Հայաստանի անկախության և պետականության ամենակայուն և ճանաչելի խորհրդանիշներից մեկն է, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Դիլիջանում:
Նա նշել է, որ գիտաժողովը մտքերի փոխանակման մի յուրօրինակ հարթակ է, որը միավորում է աշխարհի պետական, տնտեսական և ակադեմիական շրջանակների նույնախոհ առաջնորդներին:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրն իր հերթին կարևորել է վստահությունն արժույթի նկատմամբ, որը Հայաստանում, նրա խոսքով, առկա է և տեսանելի:
«Իմ հանդիպումների ժամանակ հասկացա, որ Հայաստանի քաղաքացիները վստահում են դրամին», - ասել է նա` դիտարկելով այդ վստահությունը ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի զարգացման պատմության համատեքստում, երբ երկիրն առերեսվեց 1990 թ. հիպերինֆլյացիային և իրականացրեց տնտեսության վերափոխումը:
Դրամի պատմական զարգացման առումով նա կարևորել է դեպի շուկայական և կայուն տնտեսությանն անցման երկու կարևոր իրադարձություն` Կենտրոնական բանկի հիմնում և դրամի ներդրում:
ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում սեպտեմբերի 2−3-ը «Վերաիմաստավորելով Բրետոն Վուդսը» կազմակերպության և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ «Հայկական դրամի 30-ամյակը. կողմնորոշվել նոր թվային դարաշրջանում՝ խորհելով անցյալի մասին» թեմայով անցկացված գիտաժողովը չէր առնչվում միայն դրամին կամ Հայաստանի ֆինանսական շուկային: Այն անդրադառնում էր գլոբալ և տարածաշրջանային գործընթացների, ֆինանսական շուկաների, գնաճային և տնտեսական շոկերի ընդհանուր հիմնախնդիրներին:
Գիտաժողովին Հայաստանի և միջազգային ֆինանսական ու ակադեմիական շրջանակներից հրավիրված փորձագետներն ու բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին հետքովիդյան աշխարհին բնորոշ խնդիրները և ռիսկերը, դրանց արդյունավետ կառավարման հարցերը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: