Խորհրդավոր գործարք Հայաստանի բանկային համակարգում, կամ ինչպես ԿԲ–ն դարձավ առևտրային բանկի համասեփականատեր

22.02.2022 12:23
Խորհրդավոր գործարք Հայաստանի բանկային համակարգում, կամ ինչպես ԿԲ–ն դարձավ առևտրային բանկի համասեփականատեր

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար և համահիմնադիր Մանե Թանդիլյանն իր Facebook–յան էջում մեկնաբանել է Հայբիզնեսբանկի բաժնետերերի և խորհրդի կազմում կատարված փոփոխությունները` նշելով շահերի բախման մասին։

 «Հայաստանի եզակի կայացած ոլորտներից մեկում՝ բանկային համակարգում վերջերս տեղի է ունեցել բավական խորհրդավոր գործարք։ Փոխվել է բավական վատ ֆինանսական վիճակում գտնվող (համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների) Հայբիզնեսբանկի սեփականատերը։ Նոր սեփականատեր է դարձել շվեյցարական մի ընկերություն (75%) և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող պետական վարկային կազմակերպությունը (25%) (հիմնադրվել է ԿԲ–ի կողմից, խմբգր.)», – նշել է Թանդիլյանը։

Նա ընդգծել է, որ այս պահին Հայաստանում գործում է առևտրային բանկ, որի փաստացի սեփականատեր է հանդիսանում է կենտրոնական բանկը։

«Համաձայն ԿԲ մասին օրենքի՝ կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը և կենտրոնական բանկը նպաստում է բանկերի համար ազատ մրցակցային պայմանների ստեղծմանը։ ԿԲ օրենքի համաձայն արգելվում է ԿԲ նախագահին, խորհրդի անդամներին խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռք բերել։ Արդյունքում ԿԲ ղեկավարությունը ոչ միայն խորհուրդ է տվել, այլ որոշում է կայացրել բանկի բաժնեմաս ձեռք բերել», – նշել է Թանդիլյանը։

Ւնչպես նշել է Թանդիլյանը, «այս փաստը բացառիկ է Հայաստանի բանկային համակարգի պատմության ընթացքում։ 90-ականներին եղել են պետական մասնակցությամբ բանկեր՝ հիմնականում խորհրդային միությունից մնացած, որոնք մասնավորեցվել են։ Բայց այն, որ կենտրոնական բանկը ձեռք բերի մասնավոր բանկի բաժնեմաս, չունի որևէ բացատրություն»։

Նրա խոսքով, «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը իրականացնում է բացառապես վերաֆինանսավորման գործառույթ և անհասկանալի է այս ընկերության կողմից բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը։

«Ո՞րն է եղել փաստացի կենտրոնական բանկի կողմից բանկի բաժնետեր դառնալու նպատակը։ Ինչու՞ շվեյցարական ընկերությունը ձեռք չի բերել 100% բաժնեմասերը։ Ինչքա՞ն է կենտրոնական բանկի գումարներից վճարվել առևտրային բանկի բաժնեմասի ձեռքբերման համար», – հարցադրում է անում Թանդիլյանը` նշելով, որ այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի առկայությունը այս գործարքը դարձնում է ոչ թափանցիկ՝ ակնհայտ շահերի բախման ուղեկցմամբ։

Նա նաև անդրադարձել է այն թեմային, որ մի քանի օր առաջ բանկի խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Շվեյցարացի ներդրողները և ԿԲ ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդում՝ 75%-25% հարաբերակցությամբ։ Ընդհանրապես, բանկի խորհրդի անդամ են նշանակվում սեփականատերերի ներկայացուցիչները կամ բանկային ոլորտում բարձր հեղինակություն ունեցող անձինք։ Հակված եմ մտածելու, որ շվեյցարացի ներդրողները բարձր են գնահատել Ավինյանի՝ 10 տարի առաջ բանկերից մեկում վարկային մասնագետի փորձը։ Համաձայն շրջառավող որոշ լուրերի հենց այս բանկն էր նախկինում իշխանական ազդեցություն ունեցողների կասկածելի գործարքների միջնորդ բանկը, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական խնդիրների», – գրել է Թանդիլյանը։

Նա հույս է հայտնել, որ կենտրոնական բանկը կտա պատշաճ մեկնաբանություն այս խորհրդավոր գործարքի մասին, իսկ իրավապահ մարմինները այս փաստերը առնվազն կուսումնասիրեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերի շրջանակներում։

Հայաստանի բանկային հատվածում ստեղծված իրավիճակի մասին

Ավելի վաղ` 2021թ.–ի նոյեմբերի 15–ին, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով Հայաստանում պրոբլեմատիկ բանկերի առկայության մասին հարցին` ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը նշել է, որ առանձին բանկերի ռիսկայնության, կամ ուժեղ և թույլ կողմերի գնահատման համար հիմք են հանդիսանում բանկի գործունեությունը բնութագրող տարատեսակ ֆինանսական ցուցանիշները, այդ թվում՝ հիմնական տնտեսական նորմատիվները:

«Կենտրոնական բանկը բանկերի ռիսկայնության առավել համապարփակ գնահատումը իրականացնում է նաև շատ ավելի լայն տեղեկատվության հիման վրա: Կարող ենք նշել, որ այս պահի դրությամբ բոլոր բանկերը գործում են նորմատիվային դաշտի ներքո», – ասել է նա։

2021թ.–ի դեկտեմբերի 14–ին կայացած ասուլիսի ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, չբացառեց բանկային համակարգում ֆինանսական ինստիտուտների ձուլման կամ նոր ինստիտուտների մուտքի հետ կապված գործարքները։ Գալստյանը պարզաբանեց, որ բանկերն իրենք են որոշումներ ընդունելու, «ԿԲ–ն չի գնա միաձուլման հարցում հարկադրող տարրերի ներդրման ճանապարհով»։

Այս պահին հանրապետությունում գործում է 17 առևտրային բանկ։ Հայաստանի բանկերի միության տվյալներով, 2021թ.–ին բանկային համակարգի ընդհանուր կապիտալը կազմել է 958մլրդ դրամ (7,6%–ի աճ), ակտիվներն` ավելի քան 7 տրիլիոն դրամ (6,7%–ի աճ), պարտավորությունները` մոտ 6,1 տրիլիոն դրամ (6,5%–ի աճ), վարկային ներդրումները` շուրջ 4 տրիլիոն դրամ (5,1%–ի անկում), ավանդները` ավելի քան 4 տրիլիոն դրամ (8,5%–ի աճ)։

Հայբիզնեսբանկի մասին

Բանկի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ի բաժնետերերն են «ԷՄ ԷՖ ԷՄ Գլոբալ Ինվեստ » ՍՊԸ–ն, Շվեյցարիա (74,998%) և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն ՓԲԸ–ն, Հայաստան(25,001%)։

Ավելի վաղ Հայբիզնեսբանկի բաժնետերերն էին քաղաքացիներ Վիտալի Գրիգորյանցը` 95% բաժնեմասով և Արսեն Միքայելյանը` 5% (աղբյուրը` «ԱՌԿԱ» լրատվական գործակալության «Հայաստանի բանկեր» #4 տեղեկագիր)։

Հրապարակված հաշվետվությունների համաձայն, Հայբիզնեսբանկի շահույթը 2021թ.–ի արդյունքում, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 70.31%–ով և կազմել 537,2մլն դրամ (1,8մլրդ դրամ` 2020թ.–ին)։ Ընդհանուր կապիտալն այդ ընթացքում կրճատվել է 4,7% –ով և կազմել մոտ 52,7մլրդ դրամ։ Ընդհանուր ակտիվներն այդ ընթացքում նվազել են 1,7%–ով` կազմելով 883,9մլրդ դրամ, իսկ ընդհանուր պարտավորությունները կրճատվել են 1,5%–ով` կազմելով մոտ 831,2մլրդ դրամ։ Վարկային պորտֆելը նշված ժամանակահատվածում կրճատվել է 6,3%–ով և 2021թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել 610,2մլրդ դրամ։ Չաշխատող վարկերի մասնաբաժինը ընդհանուր պորտֆելում կազմել է 1,8%` 2020թ.–ի դեկտեմբերի 31–ին գրանցված 2,3%–ի համեմատ։

Ընդհանուր կապիտալի ադեկվատության մակարդակը նշված ժամանակահատվածում կրճատվել է` 13,0%–ից հասնելով 12,05%–ի, ԿԲ–ի կողմից սահմանված 12%–անոց նվազագույն նորմատիվի դեպքում։ Խոշոր փոխառուների մասով վարկային ռիսկի առավելագույն մակարդակը 2021թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 499,12%`500% թույլատրված առավելագույն չափի դեպքում։

Լիկվիդայնության նորմատիվի մակարդակը տարվա ընթացքում մոտեցել է սահմանային մակարդակին։ Մասնավորապես, ակտիվների ընդհանուր գումար բարձր լիկվիդայնությամբ ակտիվների հարաբերակցությունը կազմել է 15.9%` 15.8%–ի համեմատ, ԿԲ–ի կողմից սահմանված 15% նվազագույն թույլատրված ցուցանիշի դեպքում։ Ցպահանջ պարտավորությունների նկատմամբ բարձր լիկվիդայնությամբ ակտիվների հարաբերակցությունը կազմել է 60.7%`   60.9%–ի համեմատ, ՀՀ ԿԲ–ի կողմից սահմանված 60% նվազագույն թույլատրված ցուցանիշի դեպքում։

Հայբիզնեսբանկի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` Տիգրան Ավինյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ–ի խորհրդի անդամ է 2022թ.–ի փետրվարի 11–ից։ Հիմա նա նաև զբաղեցնում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ–ի` ANIF–ի խորհրդի նախագահի պաշտոնը (2019թ.–ից), «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ» ՓԲՒ–ի Տնօրենների խորհրդի անդամի (2022թ.–ից), ՀՀ ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը (2022թ.–ից)։

«Բնակարան երիտասարդներին» ՓԲԸ–ի մասին

«Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից 2010 թվականի փետրվարին` որպես ունիվերսալ վարկային կազմակերպություն: Այն վերափոխվել է վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2011թ.-ի դեկտեմբերի 15-ի որոշմամբ:

Ընկերության ակտիվները 2021թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել են 178,929,815 հազար ՀՀ դրամ, իսկ սեփական կապիտալը` 178,105,604 հազար ՀՀ դրամ: «ԱՌԿԱ» գործակալությունը գործարքի մասին հարցում է ուղարկել Կենտրոնական բանկ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post