Ներկայումս գրանցված ցածր գնաճը թույլ է տալիս այս պահին բարձր գնաճի խնդիրը լուծված համարել․ ԿԲ նախագահ

28.12.2023 23:07
Ներկայումս գրանցված ցածր գնաճը թույլ է տալիս այս պահին բարձր գնաճի խնդիրը լուծված համարել․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ներկայումս գրանցված ցածր գնաճը թույլ է տալիս ընդհանուր առմամբ այս պահին բարձր գնաճի խնդիրը լուծված համարել, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Արդյունքում, ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում արդեն Կենտրոնական բանկը սկսեց դրամավարկային քաղաքականության թուլացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով միջինժամկետ հատվածում գնաճը մոտեցնել 4 տոկոս թիրախային ցուցանիշին: Միևնույն ժամանակ հասարակության շրջանում դեռևս պահպանվում են անորոշությունները և ռիսկերը գնաճային սպասումների վերաբերյալ, ինչը մենք հաշվի ենք առնում մեր որոշումները կայացնելիս», – ասել է նա 2023 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ։

ՀՀ ԿԲ նախագահը 2023 թվականը տնտեսական առումով գնահատել է որպես զգալի առաջընթացի տարի:

«Նախորդ տարիների մեր համատեղ ջանքերի շնորհիվ, ընթացիկ տարում բարձր տնտեսական աճին զուգահեռ ունենք ցածր գնաճ և ֆինանսական կայունության ամրապնդում», – ասել է նա։

Այսպես, նրա խոսքով, երկու տարի գրանցված բարձր գնաճային միջավայրից հետո, Կենտրոնական բանկը ապահովեց գնաճի ցածր մակարդակ՝ տնտեսության համար նվազագույն ծախսերով: Հենց դրա վկայությունն է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի համադրությունը մեր երկրում:

«Այս տեսակետից, Կենտրոնական բանկի վարած դրամավարկային քաղաքականությունը գնահատում ենք ապագային միտված և շրջահայաց: Դեռ 2020 թվականից տոկոսադրույքի բարձրացումը նպատակ ուներ կառավարել արտաքին և ներքին գնաճային երևույթները՝ թույլ չտալով գնաճի երկարաժամկետ բարձրացում: Ներկայումս գրանցված ցածր գնաճը մեզ թույլ է տալիս ընդհանուր առմամբ այս պահին բարձր գնաճի խնդիրը լուծված համարել: Արդյունքում, ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում արդեն Կենտրոնական բանկը սկսեց դրամավարկային քաղաքականության թուլացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով միջինժամկետ հատվածում գնաճը մոտեցնել 4 տոկոս թիրախային ցուցանիշին: Միևնույն ժամանակ հասարակության շրջանում դեռևս պահպանվում են անորոշությունները և ռիսկերը գնաճային սպասումների վերաբերյալ, ինչը մենք հաշվի ենք առնում մեր որոշումները կայացնելիս», – ասել է Գալստյանը։

Թվեր և կանխատեսումներ գնաճի վերաբերյալ

Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի պետբյուջեում նախատեսված է 7%, իսկ գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ ՀՀ Կենտրոնական բանկի դեկտեմբերյան կանխատեսմամբ՝ այս տարվա վերջին երկրում ակնկալվում է զրոյական գնաճ, իսկ տնտեսությունը կաճի 8,3 տոկոսով։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 2023 թվականի նոյեմբերին, 2022 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 0,5% գնանկում, իսկ մեկ ամսում արձանագրվել է 0,5% գնաճ։ ԱՄՀ-ն ակնկալում է, որ Հայաստանում գնաճը կվերադառնա և կկայունանա Կենտրոնական բանկի 4 տոկոս թիրախային ցուցանիշի շուրջ մինչև 2024 թվականի կեսերը։ ԵԱԶԲ-ն Հայաստանում 2024 թվականի վերջին կանխատեսում է 3,6% գնաճ, իսկ ապրանքների և հումքի միջազգային գների դիսինֆլյացիոն ազդեցությունը, ինչպես նաև գնաճային ակնկալիքների նվազումը կսահմանափակեն գների աճը 2025-2026 թվականներին, և գնաճը կձևավորվի ՀՀ կենտրոնական բանկի թիրախային միջակայքում։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post