Պարտավորությունների խախտում վարկառուի կողմից, գույքի բռնագանձում և սնանկություն. ի՞նչ խնդիրներ են առաջանում նման իրավիճակում

30.03.2022 11:15
Պարտավորությունների խախտում վարկառուի կողմից, գույքի բռնագանձում և սնանկություն. ի՞նչ խնդիրներ են առաջանում նման իրավիճակում

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. «Ջի էմ լեգալ» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր,  իրավաբանական գիտությունների թեկնածու Վահագն Գրիգորյանի հարցազրույցը:

Ի՞նչ խնդիրների են հաճախ բախվում բանկերը և վարկային կազմակերպությունները իրենց պայմանագրային պարտավորությունները խախտած վարկառուի, երաշխավորի կամ գրավատուի գույքի նկատմամբ բռնագանձում իրականացնելիս։

Վ.Գրիգորյան. հաճախ հանդիպող խնդիրներից է իրենց պարտավորությունները խախտած վարկառուների, երաշխավորների և գրավատուների կողմից տարբեր եղանակներով գույքերի բռնագանձման գործընթացների «սառեցումը» բավականին երկար կամ երբեմն նույնիսկ անորոշ ժամանակահատվածով։

Օրինակ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցվում է կատարողական վարույթ, որի արդյունքում պետք է բռնագանձվի վարկառուին պատկանող անշարժ գույք։ Բռնագանձումը «թույլ չտալու» նպատակով անշարժ գույքի սեփականատեր վարկառուն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ բազմաթիվ հայցադիմումներ է ներկայացնում վարչական դատարան և խնդրում է մինչև գործի քննության ավարտը «կանգնեցնել» կատարողական վարույթը՝ որպես հայցի ապահովման միջոց։ Հնարավոր է որ վարչական դատարանում հարուցված բազմաթիվ գործերից մեկով կամ մի քանիսով դատարանը բավարարի հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը։ Արդյունքում գույքի բռնագանձման գործընթացը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում «կանգնում է»։ Նման իրավիճակը բնականաբար խնդրահարույց է պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության համար։

Մեկ այլ հանդիպող խնդիր է իրենց պարտավորությունները խախտած պարտապանների (օրինակ՝ վարկառուներ, երաշխավորներ) կողմից արհեստականորեն սնանկության հիմքերի ստեղծումը, ինչը ևս կարող է վնասել ֆինանսական կազմակերպությունների շահերին։


Ի՞նչ նպատակների են փորձում հասնել ձեր նշած վարքագիծը ցուցաբերող պարտապանները։

Վ.Գրիգորյան. կարելի է ասել, որ նմանատիպ վարքագիծը հետապնդում է 2 հիմնական նպատակ։ Նախ, պարտապանը, ֆինանսական կազմակերպության իրավունքների և օրինական շահերի խախտման հաշվին, շահում է բավականին երկար լրացուցիչ ժամանակ՝ իր խնդիրները լուծելու համար։ Երկրորդ, նմանատիպ վարքագիծ ցուցաբերող պարտապանը փորձում է ֆինանսական կազմակերպության հետ հարաբերություններում ձեռք բերել «ուժեղ բանակցային դիրք», որի օգնությամբ փորձում է հասնել դատական ակտով արդեն ամրագրված պարտավորության գումարի (այդ թվում՝ տույժերի, տոկոսների և այլն) նվազեցման։

Ի վերջո, որոշ պարտապաններ էլ փորձում են տարատեսակ սխեմաների միջոցով ընդհանրապես ազատվել կամ գոնե փաստացի ազատվել դատական ակտով իրենց վրա դրված պարտավորությունների կատարումից։

Ձեր նկարագրած իրավիճակում ի՞նչ խնդիրների կարող է բախվել բանկը կամ վարկային կազմակերպությանը պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատվելու դեպքում։

Վ.Գրիգորյան. ի տարբերություն սովորական քաղաքացիական գործի, սնանկության վարույթը «գծային» չէ։ Սնանկության վարույթի ընթացքը մեծապես կախված է վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության կառավարչի գործողություններից։

Կխախտվե՞ն պարտատեր բանկի կամ վարկային կազմակերպության շահերը, թե ոչ, դա կախված է ոչ միայն պարտապանի առողջացման ծրագիրը հաստատվելուց կամ չհաստատվելուց, այլև՝ այդ ծրագրի բովանդակությունից, ինչպես նաև՝ ծրագրի հաստատումից առաջ և հետո վարույթի մասնակիցների կողմից կատարված գործողություններից։

Օրինակ, օրենքը սահմանում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից դադարում է պարտապանի վճարային պարտավորությունների նկատմամբ տոկոսների հաշվարկումը և տույժերի հաշվեգրումը։

Մյուս կողմից էլ օրենքը սահմանում է, որ դատարանը կարող է մերժել գրավով ապահովված պարտատիրոջ՝ գրավի առարկայի արտադատական իրացման մասին դիմումը, եթե առանց գրավի առարկայի օգտագործման պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող իրականացվել, պայմանով, որ գրավով ապահովված պարտատիրոջը տրամադրվել է համարժեք պաշտպանություն:

Այսինքն, մի կողմից տոկոսների հաշվեգրումը կանգնում է, իսկ մյուս կողմից՝ գրավով ապահովված պարտատիրոջը թույլ չի տրվում իրացնել գրավի առարկան՝ ասելով, որ նրան տրամադրվել է «համարժեք պաշտպանություն»։ Իսկ թե որքանով է այդ «պաշտպանությունը» իրականում «համարժեք», դա արդեն այլ հարց է։

Ի՞նչ լուծում է առաջարկում Ձեր իրավաբանական գրասենյակը նման իրավիճակներում ձեր հաճախորդ բանկերին և վարկային կազմակերպություններին։

Վ.Գրիգորյան. նախ, պետք է ընդունենք, որ ունիվերսալ լուծումներ գոյություն չունեն։ Դա պայմանավորված է թե որոշ օրենսդրական բացերով, թե միասնական պրակտիկայի բացակայությամբ։

Կարող եմ ասել, որ վերջերս մեր իրավաբանական գրասենյակին հաջողվեց հնարավորինս արագ վերականգնել մեր հաճախորդ վարկային կազմակերպությունների մեկի խախտված գույքային շահերը՝ չնայած վարկառուի բոլոր հնարավոր և անհնարին գործողություններին ուղղված սնանկության գործընթաց նախաձեռնելուն և իր ունեցած դրամային պարտավորությունների կատարումը հնարավորինս հետաձգելուն։

Ընդհանուր առմամբ, մենք կարծում ենք, որ նմանատիպ իրավիճակներում նախ պետք է օգտագործել օրենքով սահմանված բոլոր հնարավոր գործիքները։ Այնուհետև, պետք է օգտագործվեն օրենքով ուղղակիորեն չսահմանված, սակայն չարգելված և վստահորդի շահերին վնաս չպատճառող հնարավոր մեթոդները։ Չեմ ցանկանում կոնկրետ գործողությունների օրինակներ ներկայացնել, սակայն ընդհանուր մոտեցումը պետք է լինի հետևյալը. նման գործերին պետք է վերաբերվել ոչ թե որպես դատական վարույթ, որը պարզապես պետք է «հաղթել», այլ՝ որպես վստահորդի առջև ծառացած հարց, որը պետք է կարգավորել օրենքով չարգելված եղանակներով։ Հնարավոր է, որ հարցի կարգավորման համար անհրաժեշտ լինի «տակտիկական» քայլերի կատարում, լրացուցիչ դատական վարույթների նախաձեռնում և այլն։


Արդյո՞ք վարկառուների նման գործողություններ
ը չեն պարունակում տնտեսական հանցագործության հատկանիշներ։

Վ.Գրիգորյան. ընդհանուր առմամբ, եթե որևէ պարտապան պարտավորությունների կատարումը ձգձգելու նպատակով հայցեր է ներկայացնում և դատական պրոցեսներ է նախաձեռնում, դա ինքնին չի կարող համարվել հանցագործություն։ Յուրաքանչյուր ոք ունի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունք։ Այդ իրավունքից օգտվելն անգամ վարկային պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով չի կարող որակվել որպես հանցագործություն։

Ինչ վերաբերում է արհեստական սնանկության հիմքերի ստեղծմանը, նման գործողությունը կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների, ներառյալ՝ կանխամտածված սնանկության և փաստաթուղթ կեղծելու հանցակազմի հատկանիշներ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post