31.05.2022 14:41
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում եկամտահարկի վերադարձի ցուցանիշը 2021թ.–ին, 2017թ.–ի տվյալների համեմատ, ավելացել է 1250%–ով։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում 2021թ.–ի պետյբուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։
Փաշինյանի ներկայացրած տվյալներով, 2017թ.–ին վերադարձվել է 2 մլրդ 417 մլն դրամի եկամտահարկ, 2021թ.–ին` 32 մլրդ 640 մլն դրամի, հետևաբար գրանցվել է 1250%–ի աճ։
Նա պարզաբանեց, որ եկամտահարկը վերադարձվում է` մի շարք օրենքների պահանջներին համապատասխան, որոնցից ամենատարածվածը հիփոթեքային ծրագիրն է առաջնային շուկայում։ Վերադարձի պրակտիկան կիրառվում է նաև որոշ սոցիալական ծրագրերով։
«Սրանք մեր բարեփոխումների ուղղակի արդյունքներն են, որոնք ունեն ֆիսկալ, սոցիալական և տնտեսական նշանակություն», – ընդգծեց նա։
Փաշինյանը տեղեկացրեց, որ 2017թ.–ին հավաքվել է 343 մլրդ 683 մլն դրամի եկամտահարկ, իսկ 2021թ.–ին` 459 մլրդ դրամի, այսինքն` 116 մլրդ դրամով կամ 33%–ով ավել։
«Սա շատ հետաքրքիր էֆեկտ է, նվազեցնելով տոկոսադրույքը` մենք հավաքեցինք ավելի շատ հարկ», – ասաց նա։
Վիճակագրություն
Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ն 2021թ.–ի արդյունքում գրանցել է 5,7%–ի աճ` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ազգային վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով, 2022թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում Հայաստանի ՀՆԱ–ն գրանցել է 8,6%–ի աճ։ 2022թ.–ի պետբյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 7%–ի չափով, իսկ գնաճն ամրագրված է 4%–ի սահմանում (±1,5%)` 2020թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ($1 - 449.56 դրամ)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: