25.10.2022 15:53
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերությունն ու «4090 Բարեգործական» հիմնադրամը ձեռք ձեռքի՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության և կրթության իրավունքի իրացման, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին։ Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ [email protected]:
Համերգը կազմակերպվելու է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։
Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝ նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։
ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը հավատացած է, որ հայրենիքի պաշտպանների կյանքի որակը կարելի է փոխել կրթության միջոցով՝ գաղափարակից լինելով և կանգնելով «4090 Բարեգործական» հիմնադրամի կողքին։
««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը այս տարվա մեր ամփոփիչ և ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին և լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովել մեր շահառուների 2022-2023թթ․-ի ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաև ըմբոշխնել մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Եվ մենք ուրախ ենք, որ Հայաստանում կան սոցիալապես պատասխանատու ընկերություններ՝ ի դեմս ԱրարատԲանկի, որոնց համար կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն՝ անգին», - ասել է «4090 Բարեգործական» հիմնադրամի Գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։
«Մեր կողմից իրականացված յուրաքանչյուր սոցիալական ծրագրի հիմքում ընկած է գաղափարը, առանց որի պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել որևէ նախաձեռնություն։ Ուրախ ենք, որ մեր համեստ մասնակցությունն ունենք այս ինքնատիպ և ազգանվեր նախաձեռնության իրականացման մեջ։ Եվ առհասարակ, պետք է կրթենք և կրթվենք օր առաջ, ժամ առաջ և րոպե առաջ՝ հանուն գիտահեն և, հետևաբար, հզոր պետության», - նշել է ԱրարատԲանկի Հասարակայնության հետ կապերի գծով Գործադիր տնօրենի խորհրդական Աննա Ալլահվերդյանը:
«4090 Բարեգործական» հիմնադրամի մասին
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։
Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։
Ավելին՝ https://www.4090foundation.am/:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին
Միայն հաջողակ ու կայացած ընկերությունն ունի աշխարհն ավելի լավը դարձնելու սոցիալական պատասխանատվություն։
ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը թիրախավորում է կրթական ոլորտը, քանի որ կրթությունը ապագայի բարեկեցության հիմքն է։ Կարևորելով նաև ազգային մտածողությունը՝ համոզված ենք, որ մենք՝ որպես ազգ, պետք է յուրովի նախանշենք մեր սեփական ուղին։
Մեզ հետաքրքրում են մեր վաղվա օրվան, հաղթանակներին, հաջողություններին միտված ազգանպաստ ծրագրեր։ Ուստի, ԱրարատԲանկի՝ մինչ օրս իրականացված ծրագրերը միտված են մեր հասարակաությունը ավելի կրթված ու բարկեցիկ, իսկ պետությունը ավելի հզոր դարձնելուն։
Ավելին՝ www.araratbank.am;-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: