Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի, այս տարի առաջին փուլում կհաստատվի ծառայությունների փաթեթը

02.02.2023 15:02
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրություն կներդրվի, այս տարի  առաջին փուլում կհաստատվի ծառայությունների փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./ԱՌԿԱ/. Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Այն պայմանավորված է քաղաքացիների առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովման համար բժշկական ապահովագրության այնպիսի համակարգի հետևողականորեն ներդրման անհրաժեշտությամբ, որը կապահովի բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ և ժամանակին ծառայությունների տրամադրումը՝ անկախ վճարունակությունից, սեռից, տարիքից, բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից: Ըստ հիմնավորման՝ ԱՀԱ-ի կառավարման նպատակով ԱՀԱ-ի ներդրման նախապատրաստական փուլում կստեղծվի առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ:

Ինչպես նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 2023 թվականին առաջին փուլում կհաստատվի ծառայությունների փաթեթը, որն արդեն իսկ մշակվել է: «Կհաստատվեն փաթեթի գները, դրանք չեն հաշվարկի մարդկանց եկամուտներից որոշակի տոկոսով, այլ կունենան հաստատուն ծառայությունների արժեք: Կորոշվի պետության կողմից համաֆինանսավորման չափը: 2024 թվականից պետության կողմից ֆինանսավորվող պետական պատվերի շրջանակում մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն, և նրանց մատուցվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական, ինչը կնպաստի, որ չունենանք խառը, մասնատված համակարգ: 2024 թվականին  կունենանք համապարփակ ապահովագրական փաթեթով ապահովագրված քաղաքացիների խումբ և կսկսենք արդեն կամավոր ապահովագրության շրջանակում ներառել նաև այլ ցանկացողների: 2025 թվականին պետության կողմից կներառվեն թոշակուռները՝ որպես ևս մի կարևոր պաշտպանության խումբ և պետության հոգածության շրջանակ, և նրանք նույնպես կօգտվեն ապահովագրական փաթեթի ամբողջ ծառայություններից: Այս տարիներին կշարունակվի կամավոր ապահովագրական շրջանակում քաղաքացիների ներառումը մեր ֆոնդի շրջանակներում: 2027 թվականից կունենանք պարտադիր ապահովագրական ամբողջ ծածկույթ ամբողջ բնակչության համար»,-ասել է նախարարը:

Անահիտ Ավանեսյանի դիտարկմամբ՝ նման փուլային ներդրումն արդյունավետ կլինի, քանի որ այս տարիներին նախաձեռնվել են առողջապահական համակարգի կարևորագույն բարեփոխումներ, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների բարելավմանը. «Կառավարության ծրագրով սահմանված է, որ մինչև 2026 թվականը մենք վերակառուցելու, կառուցելու և ամբողջովին վերազինելու ենք առնվազն 50 բժշկական կենտրոն: Իսկ մեր տեմպերը ցույց են տալիս, որ այս թիվը շատ ավելի մեծ է լինելու. արդեն 2023 թվականին ունենք 13 ընթացիկ շինարարություններ, 20 ամբուլատորիաների նախագծման և 7 բժշկական հաստատությունների նախագծման աշխատանքներ: Սա միայն պետության կողմից ներդրումներն են, կապիտալ ծախսերն են, բայց մենք ականտես ենք, որ մասնավոր հատվածը ևս ակտիվ ներդրումներ է իրականացնում, և այս տեմպը մեզ թույլ է տալու ունենալ համալրված, հագեցած բժշկական կենտրոններ, ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ»:

Առողջապահության նախարարն այդ համատեքստում կարևորել է  որակյալ ծառայությունների մատուցումը. «Մենք գնում ենք ստանդարտացված, միասնականացված, նույն էլեկտրոնային համակարգով ներդրվող կլինիկական պրոտոկոլների, գործելակարգերի և ուղեցույցերի ընթացքով: 2-3 տարիների ընթացքում արդեն  կունենանք ամբողջովին ներդրված համակարգ, որը  ապահովագրության շրջանակում նաև որակյալ ծառայություններ ունենալու գրավականն է լինելու: Ոչ միայն հասանելիությունն ենք ապահովելու, այլ՝ հասանելի բժշկական ծառայությունների որակը: Իհարկե,  չենք կարող խոսել որակյալ բժշկական ծառայությունների մասին առանց մարդկային ներուժի զարգացման, և մեր բուժաշխատողների կրթական, գիտական ծրագրերում նրանց մասնակցության: Մասնագիտական որակների անընդհատ բարելավումը մեզ համար կարևոր ուղղություն է:  2023 թվականի արդեն իսկ հունվարի 1-ից Հայաստանում գործում է հավաստագրման համակարգը, որը մի բաղադրիչ է  ապահովելու բժիշկների, բուժաշխատողների շարունակական զարգացումը: Առաջիկայում մենք ունենալու ենք նաև լիցենզավորման ներդրումը, նպատակային կրթական ծրագրերի ընդլայնումն ու այսպես շարունակ: Սրանք հիմքն են հանդիսանալու, որ ֆինանսավորման մեխանիզմների փոփոխությունը և ֆինանսական միջոցների աճը լինի արդյունավետ, թիրախային և ի վերջո նպաստի մեր բնակչության առողջության բարելավմանը, պահպանմանը»:

Տիգրան Խաչատրյանը կարևորել է ընդունված որոշումը և մի քանի կարևոր հարցեր առանձնացրել, որոնք  ամբողջական բարեփոխման առանցքն են հանդիսանալու: «Մի քանի կարևոր ուղղություններ կան, որոնցից առաջինն այս համակարգի շահառուների շրջանակի աստիճանական ընդլայնումն է: Այսինքն՝ մենք մինչև այսօր հիմնականում պետական բյուջեից ֆինանսավորման շրջանակում որոշակի խումբ մարդկանց համար երաշխավորված, անվճար առողջապահական ծառայություններ ենք մատուցում կամ ապահովում: Մենք այս բարեփոխումների շրջանակում կարևոր ենք համարում, որ բոլոր շահառու խմբերի համար մատուցվող ծառայությունների շրջանակը լինի միասնական:

Երկրորդ կարևոր քայլն այն է, որ մենք առաջիկա բարեփոխումների փուլերին համընթաց կընդլայնենք այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են դառնալ շահառու: Նպատակ ունենք, որ բարեփոխումների ավարտին հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասը լինի այս համակարգի շահառու:

Երրորդ կարևոր հարցը, որ գուցե նշանակությամբ առաջինն է՝ մենք պետք է կառավարման համակարգը բարեփոխենք այնպես, որ մատուցվող ծառայությունների որակը լինի անհամեմատ ավելի բարձր, քան այսօր է: Այն պահանջում է մի շարք ուղղություններով կարևոր աշխատանքներ»,-ասել է փոխվարչապետը:

Այդ համատեքստում Տիգրան Խաչատրյանը ընդգծել է Առողջապահության նախարարության իրականացրած հետևողական քայլերի կարևորությունը: «Մենք ակնկալում ենք, որ քաղաքացիները այն որոշակի շրջանակները, որոնք ըստ մեր ժամանակացույցի պետք է համակարգին միանան ավելի ուշ,  գնահատելով մատուցվող ծառայությունների որակը, կամավոր ցանկություն հայտնեն և ավելի շուտ միանան համակարգին: Որպես հետևանք, բայց շատ կարևոր հարց ենք մենք նախատեսում՝ այս բարեփոխումը պետք է ուղեկցվի Կառավարության կողմից գալիք տարիների ընթացքում ոլորտին հատկացվող ֆինանսավորման զգալի ավելացմամբ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ ներկա փուլը հայեցակարգային քննարկման և հայեցակարգը հաստատելու շրջանակն է, բայց նաև կողմնորոշում է այն տեսանկյունից, որ մենք մի քանի անգամ պետք է ավելացնենք ներկայում առողջապահության նպատակով հատկացվող ֆինանսական ռեսուրսների ծավալը՝ այդպիսով ընդգծելով հանրային առողջության և այն  բարձր աստիճանի վրա պահելու կարևորությունը:

Շնորհակալություն  եմ հայտնում կառավարության բոլոր գործընկերներին, որոնք նախորդ երկու տարիների ընթացքում այս ուղղությամբ մեծածավալ աշխատանք են կատարել: Հուսով եմ առաջիկա ամիսների ընթացքում, որը շատ պատասխանատու շրջան է՝ նախապատրասում ենք  2024 թվականից դրա գործնական կիրառության միջավայրը, նույնքան հետևողականորեն մենք կշարունակենք այս ուղղությամբ անելիքները զարգացնել, որպեսզի եկող տարվա սկզբին, մեկնարկին բոլոր նախատեսված մեխանիզմները գործարկվեն պատշաճ որակով»,- ընդգծել է փոխվարչապետը:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post