ԱրարատԲանկը կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքների 100 երեխայի 

11.04.2023 14:45
ԱրարատԲանկը կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքների 100 երեխայի 

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./ԱՌԿԱ/. Ապրիլի 6-ին երևանյան «Լոֆթ» կենտրոնում մեկնարկել է «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագիրը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

«Նվիրիր կարդալու րոպեներ» նախագծի իրագործումը «Լոֆթ» ՀԿ-ն սկսելու է Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, որտեղ ներկայում անապահով ընտանիքներում հաշվառված է 5634 աշակերտ։

Նախագծի իրագործման առաջին փուլում կներգրավվի Վանաձորում ապրող անապահով ընտանիքներից 1000 աշակերտ, որից 100-ի ֆինանսավորումը կստանձնի ԱրարատԲանկը։ Դպրոցահասակ երեխաները կստանան դեպոզիտային նվեր-քարտեր՝ Վանաձորի «Լոֆթ» կենտրոն այցելելու և հարմարավետ միջավայրում գիրք ընթերցելու, հասակակիցների հետ մեկ տարածքում շփվելու, տարաբնույթ իրադարձությունների մասնակցելու և կենտրոնի հնարավորություններից օգտվելու համար։

«Մեզ համար խիստ կարևոր էր մասնավոր կառույցների աջակցությունը և նրանց նվիրատվությունները, որի շնորհիվ յուրաքանչյուր երեխա կարողանալու է տարեկան կտրվածքով հաճախել կենտրոն և օգտվել կենտրոնի բոլոր հարմարություններից, կրթական և մշակութային իրադարձություններից: Այս համատեքստում ԱրարատԲանկը մեր լավագույն գործընկերն է, որ միանգամից մտնելով ամբողջ ծրագրի տրամաբանության և մեր ապրումների մեջ՝ համաձայնեց աջակցել մեծ քանակով՝ 100 երեխայի։ Ի դեպ, ԱրարատԲանկը մեր խոշոր դոնորներից է», - նշել է «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն, նախագահ Արևիկ Համբարձումյանը։

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Վարչության նախագահ Մհեր Անանյանն էլ ասել է, որ  յուրաքանչյուր երեխա, անկախ սոցիալական կարգավիճակից, պետք է ունենա կրթվելու և զարգանալու հնարավորություն.
«Ուրախ ենք, որ «Նվիրիր կարդալու րոպեներ» սոցիալ-կրթական ծրագրին մեր մասնակցությամբ նպաստում ենք ծրագրի ապակենտրոնացմանը և հնարավորություն ենք ստեղծում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին մուտք գործել Վանաձորում տեղակայված նորարարական, տեխնիկապես և ծրագրային հագեցած «Լոֆթ» տարածք»:

Նշվում է, որ փոխըմբռնման եռակողմ հուշագիրը ստորագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ՀՀ ԱՍՀ նախարարության եւ «Լոֆթ» կենտրոնի միջև։ Միջոցառմանը ներկա էին ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերած նվիրատու այլ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post