25.04.2023 12:25
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./ԱՌԿԱ/. Ճանապարհորդություն դեպի ուրարտական աշխարհ. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում վիրտուալ իրականության ակնոցով այսուհետ հնարավոր է տեղափոխվել հազարամյակներ առաջ ու մասնակցել պատմական իրադարձություններին, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։
6 րոպե տևողությամբ վիրտուալ ճանապարհորդությունը 4 լեզվով է՝ հայերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։ Զբոսաշրջիկները և այցելուներն իրենց նախընտրելի լեզվով կկարողանան ծանոթանալ պատմական ժառանգությանը։
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը Ստեփան Գիշյան բարեգործական հիմնադրամի ամենամյա դրամաշնորհային ծրագրի հաղթողներից է։
«Ժամանակի մարտահրավերներին ընդառաջ թանգարանները մշակում են տարբեր գործառույթներ, որ ավելի գրավիչ դառնան այցելուներին։ Այս ծրագրի միջոցով կիրառելով նոր տեխնոլոգիաները, փորձ ենք արել, որ ցանկացած այցելու տեղափոխվի ուրարտական ժամանակաշրջան և ծանոթանա մեր պատմության սկզբնաղբյուրի որոշ դրվագների։ Այդ ամենը կլինի տպավորիչ և հիշարժան»,- նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը։
«Շնորհիվ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի` այսօր հնարավորություն ունենք ունենալ աշխարհում ուրարտական թեմայով միակ VR ակնոցներն ու ծրագիրը։ Մենք կրկին ցույց ենք տալիս, որ ուրարտական ժառանգության տերն ենք, իսկ այդ ժառանգությանը տեր են լինում ոչ միայն խոսքով, այլ նաև գործով։ VR ակնոց կրելով՝ զբոսաշրջիկը դառնում է ուրարտական ծեսի մի մասը, հայտնվում է էրեբունու «Սուսի» տաճարի շուրջ և մասնակցում հեղման ծեսին, այնուհետև տաճարն է քո աչքի առաջ կառուցվում, դպիրները սեպագրերն են կերտում։ Այնուհետև մտնում ես տաճար և մասնակից լինում ծեսին»,- նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Մանրամասն՝ տեսանյութում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: