«Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» 3 մլն ԱՄՆ դոլար կներդնի «ԷկոՎիլում»

17.07.2023 18:31
«Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը» 3 մլն ԱՄՆ դոլար կներդնի «ԷկոՎիլում»

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./ԱՌԿԱ/. «Ամբեր Կապիտալը»  3 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «ԷկոՎիլում», որը հանդիսանում է Հայաստանում գործող վերականգնվող էներգետիկայի դիվերսիֆիկացված ընկերությունների խումբ:

Ներդրումներից ստացված հասույթը կաջակցի խմբի արտադրական հզորությունների ավելացմանը՝ հնարավորություն ընձեռելով  «ԷկոՎիլին»՝  ընդլայնել իր գործունեությունը տարածաշրջանում և մուտք գործել այնպիսի նոր շուկաներ, ինչպիսիք են էներգիայի վաճառքը  և էլեկտրաշարժունակությունը, հաղորդում է ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության մամուլի ծառայությունը:

Ներդրումը նաև կօժանդակի «ԷկոՎիլին» բարելավելու իր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործելակերպը և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր մարզերում:

2015 թ․-ին հիմնադրված «ԷկոՎիլը» Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման առաջատար ընկերություններից է, որի աշխատակիցների թիվը երկրում հասնում է 180-ի։  Վերականգնվող էներգետիկայի ոլորտում խմբի կողմից իրականացվող ծրագրերը երկրում ածխաթթու գազի արտանետումները նվազեցրել են տարեկան մինչև 80,000 տոննայով։

«Ամբեր Կապիտալ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանն ասաց․­ «Մենք արդեն բավական ժամանակ է, ինչ ճանաչում ենք «ԷկոՎիլին» և հնարավորություն ունեցանք հաջողությամբ ավարտելու հիմնադրամին պատկանող երկու արևային ֆոտովոլտային կայանների կառուցումը Հայաստանում: Ընկերությունն ունի մի շարք ռազմավարական ծրագրեր, որոնք պահանջում են թե՛ կապիտալ, թե՛ մասնագիտական փորձաություն, և մենք շատ ուրախ ենք “ԷկոՎիլ» -ի հետ  համագործակցելու ևս մեկ հաջող նախաձեռնության շրջանակներում»:

«ԷկոՎիլ»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանն նշել է․ «Այս համագործակցությունը հսկայական հնարավորություններ է բացում «ԷկոՎիլի» աճի և զարգացման համար: Ամբեր կապիտալի ներդրումները կարևոր նշանակություն կունենան մեր միջազգային ընդլայնման և արտադրության նոր հոսքագծերի գործարկման համար: Մենք ապագայի համար հավակնոտ նպատակներ ենք սահմանել և մտադիր ենք օգտագործել այդ միջոցները վերականգնվող էներգետիկայի ոլորտում մեր դիրքերն ամրապնդելու համար, ինչպես նաև դիվերսիֆիկացնելու մեր հաճախորդներին ուղղված առաջարկները: Բացի այդ, մեր ջանքերը կուղղենք մեր բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման գործելակերպի բարելավման վրա՝ ապահովելով, որ կայունությունը լինի մեր գործունեության անկյունաքարերից»: «Ամբեր Կապիտալի» կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, մասնավոր բաժնետիրական հիմնադրամ է, որը գործարկվել է Հայաստանում 2020 թ․-ի հունվարին Եվրոպական միության (ԵՄ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի, Հիրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի և Ամբեր կապիտալիի ներդրումային թիմի ներդրումների միջոց: Հիմնադրամը հետագայում լրացուցիչ կապիտալ է ներգրավել Հայկական ազգային շահերի հիմնադրամից, Ց-կվադրատ Ամպեգա Ասսեթ Մենեջմենթից, Նիդեռլանդների Ձեռնարկատիրական զարգացման բանկից (FMO) և Հայաստանի կառավարությունից, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ ներդրողներից՝ ընդհանուր  պարտավորված կապիտալը հասցնելով 60 մլն ԱՄՆ դոլարի։ Հիմնադրամը հանձնառու է ֆինանսավորել Հայաստանի ՓՄՁ-ների կայուն աճը՝ կապիտալ ներդրումների և բնապահպանական, սոցիալական ու կորպորատիվ կառավարման բարձր չափանիշների կիրառման միջոցով:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post