Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2023 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով

21.07.2023 17:11
Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2023 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2023 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով։

Հայաստանի բանկային համակարգի մաքուր շահույթը 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է 142 մլրդ դրամ՝ 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածի 114 մլրդ դրամի դիմաց՝ աճելով 25%-ով։ Միաժամանակ Հայաստանի բոլոր 18 գործող բանկերն աշխատել են շահույթով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, ԱԿԲԱ Բանկը և Կոնվերս Բանկը։ Առաջին հնգյակին բաժին է ընկնում բանկային ողջ շահույթի 65%-ը կամ մոտ 92 մլրդ դրամը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Արդշինբանկը 2023 թվականի առաջին կիսամյակում դարձել է երկրի ամենաշահութաբեր բանկը՝ պահպանելով առաջին եռամսյակում ձեռք բերված առաջատարի դիրքերը։ Նրա մաքուր շահույթը կազմել է 38,2 մլրդ դրամ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 20,1 մլրդ դրամի դիմաց (90% աճ)։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 21,7 մլրդ դրամ շահույթով՝ 2022 թվականի առաջին կիսամյակի 19,1 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 13,4%)։

Երրորդը Ինեկոբանկն է, որը 2023 թվականի առաջին կիսամյակում 12,8 մլրդ դրամի շահույթ է գրանցել՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 10 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 28․6%)։

Չորրորդ տեղը զբաղեցնում է ԱԿԲԱ Բանկը՝ 11,6 մլրդ դրամ շահույթի ցուցանիշով՝ 10,1 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 14,7%)։

Լավագույն հնգյակը եզրափակում է Կոնվերսբանկը. Նշված ժամանակահատվածում բանկի շահույթը կազմել է 7,6 մլրդ դրամ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 5,7 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 33,1%)։

Ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը կազմելու աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերի» տեղեկագիրը, որը կազմվել է հայկական բանկերի՝ ՖՀՄՍ միջազգային ստանդարտներին համապատասխան հրապարակված հաշվետվությունների հիման վրա։

Այս տեղեկագիրը և գործակալության այլ ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (էլ. փոստ՝ [email protected]):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post