03.08.2023 14:18
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին այն մասին, թե հակառուսական պատժամիջոցների համատեքստում հնարավո՞ր են նոր սահմանափակումներ երկրի ֆինանսաբանկային շուկայում, ասաց, որ «ամեն ինչ հնարավոր է»։
«Մենք փորձում ենք նախագծել մեր վճարահաշվարկային համակարգերն այնպես, որ մեր քաղաքացիները շարունակեն ծառայություններ ստանալ։ Այս պահին, կարծում եմ, մեզ դա հաջողվել է, քանի որ քաղաքացիները, ընդհանուր առմամբ, ֆինանսական համակարգի օգտագործման առումով խափանումների չեն բախվել»,- ասաց նա երեքշաբթի ասուլիսի ժամանակ ։
Անդրադառնալով «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցումների սահմանափակման մասին տեղեկատվությանը՝ Նուրբեկյանն ասաց, որ Հայաստանում «Յունիստրիմ» համակարգով աշխատում են մոտ վեց բանկ և որոշ վճարահաշվարկային համակարգեր՝ ռուբլով և հայկական դրամով։
«Հաշվի առնելով այս ամենը` մեր քաղաքացիները կարող են օգտվել այդ ծառայություններից, քանի որ «Յունիստրիմը» եղել է զգալի կշիռ ունեցող համակարգ, որի միջոցով մեր քաղաքացիները փոխանցումներ էին կատարում Ռուսաստանից Հայաստան»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ իրավիճակը ներկայումս համեմատաբար կայուն է։ Հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են, որ «Յունիստրիմ» համակարգը հուլիսի 21-ին դադարեցրել է արտարժույթով բոլոր փոխանցումները Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ ։ Մինչդեռ ռուսական լրատվամիջոցները գրում էին, որ հայկական 8 բանկեր «Յունիստրիմի» հետ չեն աշխատում։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: