31.10.2023 10:23
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականին ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերակցությունը նախորդ տարվա զգալի անկումից հետո կաճի 1,4 տոկոսային կետով և կկազմի 48,4%՝ միաժամանակ մնալով 50%-ից ցածր մակարդակում, ասել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ 2024 թվականին կշարունակվեն ինչպես արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը բյուջեի պակասուրդի և կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար, այնպես էլ ազգային արժույթով պարտքի և ներքին պարտքի աստիճանական աճը։
«Կառավարության ծրագրի տեսակետից պարտքի կայունությունն ապահովելու նպատակով կարևորվում է սեփական միջոցներից պետական ծախսերի կատարումը և ներքին պարտքի ավելացման հաշվին բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը»,- ասել է Գալստյանը 2024 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ։
Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը, միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի կառավարության պարտքը կմնա ՀՆԱ-ի 50%-ից ցածր, սակայն այս արդյունքը կախված կլինի աստիճանական ֆիսկալ կոնսոլիդացիայի իրականացումից, որին աջակցում են ծախսերի առաջնահերթությունը և եկամուտների մոբիլիզացմանն ուղղված միջոցառումները: Նա նաև նշել է, որ Հայաստանի պարտքը պատմականորեն խոցելի է եղել աճի և փոխարժեքի ցնցումների նկատմամբ։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի համախառն պետական պարտքը 2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 11 386,910 մլն դոլար՝ 2023 թվականի հուլիսի 31-ի համեմատ ավելանալով 35,447 մլն դոլարով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: