ՀՀ ԿԲ-ն հրապարակել է վիրտուալ ակտիվների թողարկման, շրջանառության  կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները

04.11.2023 15:51
ՀՀ ԿԲ-ն հրապարակել է վիրտուալ ակտիվների թողարկման, շրջանառության  կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հրապարակել է վիրտուալ ակտիվների (կրիպտոակտիվների) թողարկման, շրջանառության  կարգավորման և վերահսկողության վերաբերյալ մոտեցումները:

Ավելի վաղ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ  ՀՀ կենտրոնական բանկը մտադիր է Ազգային ժողով ներկայացնել կրիպտոարժույթների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն։

ԿԲ-ի հայտարարության մեջ նշվում է, որ վիրտուալ ակտիվների ի հայտ գալուն զուգընթաց առաջացող ռիսկերին համարժեք արձագանքելու նպատակով Կենտրոնական բանկը մշտադիտարկում է վիրտուալ ակտիվների ոլորտի զարգացումները թե՛ Հայաստանում, և թե՛ աշխարհում:

«2018 թվականին Կենտրոնական բանկը հանդես է եկել վիրտուալ ակտիվների վերաբերյալ հայտարարությամբ, որով հասարակությանը տեղեկացրել է վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների բարձր ռիսկայնության և վտանգավորության մասին: Վերջին տարիներին վիրտուալ ակտիվների շրջանառության ծավալների աճի պարագայում ակնհայտ են դարձել դրանց հետ կապված մի շարք խնդիրներ», - նշվում է հայտարարության մեջ:

Խնդիրներ թվում են.

• վիրտուալ ակտիվներում անհատների ներդրումների աճը տեղի է ունենում վերջիններիս շահերի ոչ բավարար պաշտպանվածությամբ, միջոցների ոչ բարեխիղճ պահպանության գործընթացներով և տեղեկատվության, իրացվելիության և գնագոյացման անբավարար թափանցիկությամբ,

• վիրտուալ ակտիվների ոլորտը բնորոշվում է տարբեր կրիպտոհամակարգերի փոխկապվածության մեծ աստիճանով, մեկ կազմակերպությունում կամ խմբում կուտակված գործառույթների ուղղահայաց ինտեգրված խոցելի կառուցվածքներով, կառավարման ոչ պատշաճ համակարգերով, պարտավորությունների էական բարձր մակարդակով՝ պարունակելով ի թիվ այլոց շահերի բախումների և ֆինանսական կայունության ռիսկեր,

• վիրտուալ ակտիվներով կատարվող գործարքների անանունությունը և անդրսահմանային գործարքների ծավալները բարձրացնում են դրանց հետ կապված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերը,

• վիրտուալ ակտիվներով մատուցվող մի շարք ծառայություններ իրենց բովանդակությամբ նման են ավանդական ֆինանսական ծառայություններին, հետևաբար պետք է կարգավորվեն նույն օրենսդրությամբ, սակայն փաստացի գործող օրենսդրությունից դուրս են գործում, ինչն ավանդական ֆինանսական ծառայություններ մատուցողների համար ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ:

Ստանդարտներ սահմանող միջազգային կազմակերպությունները (IOSCO, FSB, IMF, BIS, FATF) հստակ դիրքորոշում են հայտնել՝ կարևորելով բոլոր երկրների կողմից վիրտուալ ակտիվների միասնական և համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը՝ պայմանավորված վիրտուալ ակտիվների շուկայի չտեղայնացված (վիրտուալ) բնույթով և անդրսահմանային շրջանառությամբ։

«Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այս ոլորտի հետ կապված համաշխարհային զարգացումները, Կենտրոնական բանկը նախաձեռնել է վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման ու վերահսկողության արդյունավետ մոդելի մշակման և ներդրման միջոցառումներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Արդյունավետ կարգավորման համար Կենտրոնական բանկը հիմք է ընդունելու «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ այն վիրտուալ ակտիվներով ծառայություններ մատուցողները, որոնք առաջարկում են ավանդական ֆինանսական գործունեությանը նմանատիպ ծառայություններ, պետք է կարգավորվեն նույն ձևով:

Կարգավորումը հնարավորություն է տալու համարժեք արձագանքել վիրտուալ ակտիվների ոլորտում  առկա և հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ հստակ իրավական դաշտ ստեղծելով վիրտուալ ակտիվների ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post