ԿԲ ոսկեարժութային պահուստները գերազանցել են 4 մլրդ դոլարը․ ԿԲ նախագահ

15.11.2023 14:47
ԿԲ ոսկեարժութային պահուստները գերազանցել են 4 մլրդ դոլարը․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի/ԱՌԿԱ/ ՀՀ Կենտրոնական բանկի ոսկեարժութային պահուստները գերազանցել են 4 մլրդ դոլարը, ասաց ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե այս պահին հնարավո՞ր է ավելացնել կամ համալրել պահուստները՝ հաշվի առնելով հայկական դրամի հնարավոր արժեզրկումը։

 «Անցած տարվա և 2021թ․–ի ընթացքում մենք բավականաչափ արտարժույթ ենք գնել, բայց ոչ թե պահուստների որոշակի մակարդակ ապահովելու համար, այլ այն պատճառով, որ շուկայում ձևավորվել էր որոշակի իրավիճակ, երբ կար հսկայական առաջարկ և չկար պահանջարկ այդ արժույթի նկատմամբ։ Հետևաբար, Կենտրոնական բանկը, ֆինանսական շուանկայում անկայունությունը կանխելու նպատակով,  իրականացրել է այդ գործողությունները (արտարժույթի գնման, խմբ.), ինչը հանգեցրել է պահուստների ավելացման»,- ասաց Գալստյանն ԱԺ–ում 2024թ․–ի պետբյուջեի նախագծի ներկայացման ժամանակ։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի տրամաբանությունն այն է, որ պոտենցիալ ռիսկերը չի նախատեսվում զսպել կուտակված պաշարների հաշվին։

«Մենք զսպում ենք ռիսկերը լավ կառավարմամբ։ Պահուստները լրացուցիչ գործիք են, որը լրացուցիչ հարմարավետություն է ապահովում շատ բարդ իրավիճակներում»,- պարզաբանեց ԿԲ նախագահը։

Իրավիճակը Հայաստանի արժութային շուկայում

Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանում ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ ամեն օր ամրապնդվել է։ Հոկտեմբերի 2-ին դոլարի միջին շուկայական փոխարժեքը գերազանցել է մեկ դոլարի դիմաց 400 դրամ հոգեբանական շեմը՝ անմիջապես ավելանալով  8,81 տոկոսային կետով՝ մինչև 402.21 դրամ, իսկ հոկտեմբերի 4-ին՝ արդեն 429.14 դրամ։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում միջբանկային շուկայում ԱՄՆ դոլարի պահանջարկի ընդհանուր ծավալը 178,3 մլն դոլարով գերազանցել է առաջարկը։ Միջին օրական պահանջարկն այս ժամանակահատվածում կազմել է 18,3 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբից մինչև օգոստոս միջին պահանջարկը կազմել է 3,3 մլն դոլար։ Այսպիսով, միջին պահանջարկը այս երկու շաբաթների ընթացքում 5,56 անգամ գերազանցել է տարեսկզբի միջին պահանջարկը։

Հոկտեմբերի 4-ին Կենտրոնական բանկը հայտարարել է արտարժույթի շուկայում գործառնություններ իրականացնելու մտադրության մասին՝ Հայաստանի ֆինանսական շուկաների բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով։ Հոկտեմբերի 5-ին դոլարի փոխարժեքը նվազել է 10,62 տոկոսային կետով՝մինչև 418,52 դրամ մեկ դոլարի համար։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին, նույն տարվա սեպտեմբերի համեմատ, ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկված փոխարժեքն աճել է 4,5 տոկոսով։ Միաժամանակ, այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է դրամի նկատմամբ դոլարի հաշվարկային փոխարժեքի 2,5 տոկոս աճ։ 2023 թվականի հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 404,3 դրամ, ինչը 0,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը (402,7 դրամ)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post