Շուկայի կապիտալիզացիան դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 43,7%–ով՝ մինչև 384 մլրդ դրամ․ Հայկական ֆոնդային բորսայի ամփոփ տվյալներ

11.01.2024 11:20
Շուկայի կապիտալիզացիան դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 43,7%–ով՝ մինչև 384 մլրդ դրամ․ Հայկական ֆոնդային բորսայի ամփոփ տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսան ամփոփել է 2023 թ.-ի դեկտեմբեր ամսվա տվյալները։

Պետական պարտատոմսերի բորսայական շուկա

Հայաստանի ֆոնդային բորսայում  դեկտեմբերին տեղի ունեցած պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 22,3 մլրդ դրամ:

Պետական պարտատոմսերի երկրորդային շուկայի բորսայական առևտրի ընդհանուր ծավալը դեկտեմբերին կազմել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 793%-ով։ Առևտրի առկա պետական գանձապետական պարտատոմսերով կնքվել է 24 գործարք:

Կորպորատիվ պարտատոմսերի բորսայական շուկա

Նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ կորպորատիվ պարտատոմսերի թե՛ շուկայի և թե՛ առևտրի ծավալները պահել են աճի դինամիկան։ Կորպորատիվ պարտատոմսերի դեկտեմբեր ամսվա շուկայի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18.62%-ով և կազմել է ավելի քան 491 մլրդ դրամ։

Կորպորատիվ պարտատոմսերով իրականացված առևտրի ծավալը կազմել է ավելի քան 10 մլրդ դրամ և հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 440 գործարք։ Առևտրի ծավալը և կնքված գործարքների քանակը համապատասխանաբար աճել են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 66%-ով և 98%-ով։ Բորսայում շրջանառվող կորպորատիվ պարտատոմսերի քանակը կազմել է 111։

ՌԵՊՈ գործարքներ

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 4,4 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 250%-ով:

Դեկտեմբերին կնքվել է 36 ռեպո գործարք։

Բաժնետոմսերի բորսայական շուկա

Բաժնետոմսերի առևտրի ծավալը կազմել է ավելի քան 187 մլն դրամ՝ աճելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 77%-ով, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 384 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը մոտ 43.7%-ով։ Բաժնետոմսերով կնքվել է 174 գործարք։

Ինչպես ավելի վաղ «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է AMX –ի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը, շուկայի կապիտալիզացիան 2022թ․–ի արդյունքում հասել է 280մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 7%–ով։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: Բորսայական հաշվարկներն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100 տոկոս բաժնետերը Հայկական ֆոնդային բորսան է։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post