ՔԿ–ն Citi Bike ֆինանսական բուրգից տուժած քաղաքացիներին կոչ է արել դիմել նախաքննական մարմին

18.01.2024 13:55
ՔԿ–ն Citi Bike ֆինանսական բուրգից տուժած քաղաքացիներին կոչ է արել դիմել նախաքննական մարմին

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներից սկսված՝ համացանցային տարբեր հարթակներով տարածվել են բազմաթիվ գովազդային հոլովակներ` ամերիկյան «Սիթի Բայք» անվանումով ընկերության հայաստանյան մասնաճյուղ ներկայացած նույնանուն ծրագրի միջոցով գումար վաստակելու վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։

Իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սիթի Բայք» անվանումով վերոնշյալ ծրագիրն առերևույթ հանդիսացել է ֆինանսական բուրգ, որտեղ անձի կողմից եկամտի ստացումը պայմանավորված է եղել բացառապես ծրագրում գումար ներդնելով և նոր անձանց ներգրավելով, և որևէ ձեռնարկատիրական գործունեություն փաստացի չի իրականացվել:

2023 թվականի դեկտեմբերի 22-ին «Սիթի Բայք» անվանումով ծրագիրը «փակվել է», և վերացել է ներդրված գումարների կանխիկացման հնարավորությունը, որի արդյունքում ծրագրում ներդրում իրականացրած մի շարք անձինք զրկվել են իրենց գումարները կանխիկացնելու հնարավորությունից:

Քննչական կոմիտեն նման իրավիճակում հայտնված անձանց խնդրում է դիմել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն (հասցե՝ ք. Երևան, Դեղատան 3, հեռ.՝ 010 30-42-12)։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կենտրոնական բանկը զգուշացրել էր երկրում անօրինական գործող Сiti Bike ընկերության մասին։  ԿԲ–ից նշել էին, որ ԿԲ ներկայացված բազմաթիվ դիմումների և այլ ազդակների ուսումնասիրությունից պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող Սիթի բայք (Citi bike) ընկերությունը հրապարակային եղանակով ներգրավում է դրամական միջոցներ՝ հանդես գալով տրամադրված դրամական միջոցների դիմաց «շահույթի մոդելների», «սուպեր բոնուսների» և որոշակի «հավելաճով» դրանք վերադարձնելու հրապարակային առաջարկով։

ԿԲ–ից նաև զգուշացրել էին, որ իրենց կողմից Սիթի Բայք ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա, հետևաբար՝ վերջինս գործում է ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս։Այդ պատճառով Կենտրոնական բանկը չի կարող վերահսկել ընկերության գործունեությունից բխող ռիսկերը և ապահովել հաճախորդների շահերի պատշաճ պաշտպանություն, ինչը նշանակում է, որ քաղաքացիները նման կազմակերպություններին իրենց միջոցները վստահելիս գործում են բացառապես սեփական ռիսկով, և կարող է հանգեցնել ֆինանսական վնասների և ծանր սոցիալական հետևանքների:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post