Գալստյանը նշեց երկու գործոն, որոնք ազդել են վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ ԿԲ–ի այսօրվա որոշման վրա

30.01.2024 17:37
Գալստյանը նշեց երկու գործոն, որոնք ազդել են վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ ԿԲ–ի այսօրվա որոշման վրա

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի/ԱՌԿԱ/ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշեց երկու գործոն, որոնք էական ազդեցություն են ունեցել վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու կարգավորողի որոշման վրա։

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 30-ին իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8,75%։ Սա 6-րդ նվազեցումն է նախորդ տարվա հունիսից։

Գալստյանը մատնանշեց կոշտ գների դինամիկայի նվազումը՝ նշելով, որ ներկայումս նկատվում են կայունացման միտումներ։

«Բացի այդ, աշխատաշուկայում առաջարկի աճի հաշվին մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին նկատվող աշխատավարձերի բումը որոշակի մեղմացման միտումներ ունի։ Այս երկու գործոնները էական ազդեցություն ունեցան մեր այսօրվա որոշման վրա»,- ասաց նա:

Այս առնչությամբ կարգավորող մարմնի ղեկավարը նշեց, որ 2021 թվականից հետո մասնավոր հատվածում նկատվող անվանական աշխատավարձի աճը գագաթնակետին հասել է մոտ 30%-ի, որից հետո գրանցվել է զգալի նվազում, և 2023 թվականի նոյեմբերի դրությամբ աճի տեմպը կազմում է տարեկան կտրվածքով 10%։

Գալստյանի խոսքով, որոշ ոլորտներում, մասնավորապես ծառայությունների ոլորտում, աշխատավարձերի աճի տեմպը շարունակում է բարձր մնալ, սակայն մյուս հատվածներում այս ցուցանիշի զգալի անկում է արձանագրվում։

«Այսպիսով, մենք լուրջ մտահոգություններ չունենք գնաճի հետագա զարգացումների վրա այս երևույթի ազդեցության վերաբերյալ»,- պարզաբանեց նա։

Այս համատեքստում ԿԲ նախագահը նշեց, որ արցախցի հայրենակիցների որոշակի հատված արդեն ինտեգրվել է Հայաստանի աշխատաշուկայում, ինչպես նաև մատնանշեց այս շուկայում այլ երկրներից ժամանած աշխատողների ներգրավվածությունը։

«Մենք կարծում ենք, որ այս երկու գործոններով է պայմանավորված աշխատաշուկայում գերտաքացման թուլացումը։ Սա նաև թույլ տվեց մեզ ավելի համարձակ լինել վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ այսօրվա որոշումը կայացնելիս»,- պարզաբանեց նա։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post