ԿԲ–ն մեկնաբանել է Արդշինբանկի կողմից HSBC Հայաստանի ձեռքբերումը․ ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

14.02.2024 12:55
ԿԲ–ն մեկնաբանել է Արդշինբանկի կողմից HSBC Հայաստանի ձեռքբերումը․ ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը ձեռք բերելու գործարքի վերաբերյալ դեռևս չի ստացել պաշտոնական միջնորդություն և չի տվել օրենքով սահմանված իր նախնական համաձայնությունը, հայտնեցին ՀՀ ԿԲ–ից՝ «ԱՌԿԱ» գործակալության հայցին ի պատասխան։

Արդշինբանկը գործարքի մասին հայտնել է փետրվարի 6–ին՝ նշելով, որ Արդշինբանկը, HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության է եկել՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։ Նշվել է, որ HSBC Հայաստանը վաճառելու որոշումը կայացվել է ռազմավարական վերանայման արդյունքում, ըստ որի HSBC խմբի նպատակն է՝ կապիտալը վերաբաշխել կապերի ապահովման և ռազմավարական նշանակության տեսանկյունից ավելի լայն հնարավորություններ ընձեռող համաշխարհային ուղղություններ։

ԿԲ–ից նշեցին, որ «բանկի կողմից մեկ այլ բանկի ձեռքբերումը բնականոն գործընթաց է: Նման դեպքեր բազմաթիվ անգամ գրանցվել են ֆինանսական համակարգում»։

Հարցին այն մասին, թե արդյո՞ք այս որոշումը պայմանավորված է նրանով, որ Հայաստանն այսուհետ հետաքրքիր չէ համակարգաստեղծ բանկերին, մասնավորապես՝ HSBC խմբին բանկային գործունեություն իրականացնելու տեսակետից՝ ԿԲ–ից հայտարարեցին, որ Կենտրոնական բանկը չի կարող մեկնաբանել տվյալ ընկերության որոշումը։ ԿԲ–ից խորհուրդ տվեցին հարցն ուղղել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի սեփականատերերին, ովքեր ընդունել են այդ որոշումը։

ԿԲ–ից նաև ընդգծեցին, որ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը միշտ դրական ազդեցություն է ունեցել ՀՀ բանկային համակարգի վրա՝ իր ստեղծման օրվանից մեր երկիր բերելով միջազգային առաջատար փորձը և կրթելով տեղացի մասնագետներին:

«Եվ չնայած ներկայում թե՛ միջազգային փորձի փոխանակման տեսանկյունից, թե՛ առաջատար մասնագետների մասով աշխարհը գլոբալ առումով շատ ավելի հասանելի է դարձել, այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը գտնում է, որ գլոբալ բրենդների ներկայությունը տեղական շուկայում միայն դրական կարող է ազդել ֆինանսական համակարգի զարգացման վրա», – նշեցին ԿԲ–ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ի պատասխան այն հարցին, թե Հայաստանի բանկային համակարգի վրա ինչպե՞ս կազդի աշխարհի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատներից մեկի հեռացումը։

Անդրադառնալով այն հարցին, թե ընթացիկ տարում, արդյոք, սպասվում են բանկերի նոր միաձուլումներ կամ կլանումներ՝ ԿԲ–ից հայտարարեցին, որ Կենտրոնական բանկն իր գործընթացների ներքո հավուր պատշաճի կտեղեկացնի ֆինանսական ծառայությունների սպառողների տեսանկյունից ֆինանսական համակարգում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

Գործարքը պետք է հաստատվի կարգավորող և հակամենաշնորհային մարմինների կողմից, ակնկալվում է, որ այն կավարտվի առաջիկա 12 ամիսների ընթացքում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ակտիվները 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են մոտ 290 մլրդ դրամ, վարկային պորտֆելը` մոտ 185 մլրդ դրամ, իսկ հաճախորդների ավանդները` մոտ 200 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն՝ 2023 թվականի գործունեության արդյունքներով Արդշինբանկը դարձել է Հայաստանի ամենաշահութաբեր բանկը։ Բանկի զուտ շահույթը կազմել է 62,7 մլրդ դրամ՝ 2022 թվականի 62,2 մլրդ դրամ շահույթի դիմաց (աճը՝ 0․7%)։ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը» 2023 թվականի վերջին զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ 11,05 մլրդ դրամ շահույթով (2022 թվականի համեմատ ավելանալով 37,86 տոկոսով)։

2023 թվականի վերջի դրությամբ Արդշինբանկը հիմնական ցուցանիշներով ներառվում է առաջին եռյակում. ակտիվները (1-ին տեղ) դեկտեմբերի վերջին կազմել են 1,6 տրլն. դրամ (տարեսկզբի համեմատ աճը՝ 4.9%), պարտավորությունները (1-ին տեղ)՝ 1.4 տրլն. դրամ (աճը՝ 2,17%), ընդհանուր կապիտալը (2-րդ տեղ)՝ 191,3 մլրդ դրամ (աճը՝ 31,5%), վարկային ներդրումները (2-րդ տեղ)՝ 671,6 մլրդ դրամ (աճը՝ 26,4%)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post