Հայաստանն ԱԶԲ–ից ստացել է 3մլն դոլարի դրամաշնորհ պարենային անվտանգության բարձրացման համար

29.02.2024 14:18
Հայաստանն ԱԶԲ–ից ստացել է 3մլն դոլարի դրամաշնորհ պարենային անվտանգության բարձրացման համար

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստում  հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող $3 մլն դրամաշնորհը կաջակցի Հայաստանի Կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: 

Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի վրա՝ Շիրակի և Տավուշի, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:

«10 գյուղերի կտրամադրվեն կլիմայակայուն էներգետիկ լուծումներ՝ ուղղված էլեկտրաներգիայի ծախսերի կրճատմանը։ Կգնվեն նաև փոքր արևային ֆոտովոլտային վահանակներ և կստեղծվեն շրջանառու հիմնադրամներ, որոնցում արևային մարտկոցներից էներգախնայողությունները կներդրվեն գյուղատնտեսական տարբեր նախագծերում»,- ասված է որոշման նախագծում։

Ծրագրին կարող են մասնակցել մի շարք չափանիշներին համապատասխանող ֆերմերային տնտեսությունները, օրինակ՝ մեկ կերակրող ունեցող տնտեսությունները, որոնցում տնտեսության սեփականատերը կին է, որոնք ունեն մինչև 18 տարեկան 4 և ավելի երեխաներ. ովքեր հոգ են տանում հաշմանդամություն ունեցող անձանց։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post